Բավ է պառակտվել
29-07-2015 17:06

Սուրիկ Խաչատրյանի որդու գործով սպասեք անակնկալների. Հայկ Ալումյան

Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում կատարված ծեծկռտուքը, որին մասնակցություն է ունեցել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին` Տիգրան Խաչատրյանը, Խաչատրյան ընտանիքի անդամների հերթական դրսևորումն է: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Հայկ Ալումյանը:  
Ալումյանը, հիշեցնենք, 2013-ին դարձյալ Գորիսում դարձյալ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի գործով նախաքննության կողմից մեղադրյալ ճանաչված Արտակ Բուդաղյանի փաստաբանն է: Այդ դեպքի ժամանակ մահացավ Արտակ Բուդաղյանի եղբայրը` Ավետիք Բուդաղյանը: Նախաքննական մարմինը որոշեց, որ Տիգրան Խաչատրյանը և Սուրիկ Խաչատրյանի օգնական Զարզանդ Նիկողոսյանը գործել են անհրաժեշտ պաշտպանության շրջանակներում և ազատեց քրեական պատասխանատվությունից:
«2013-ին տեղի ունեցած դեպքի ժամանակ փորձ կատարվեց իրենց հանել այդ պատմությունից, այս անգամ առայժմ դա չի ստացվում: Իրենք օգնելու միջոցների շատ մեծ տեսականի ունեն: Չգիտեմ՝ այս անգամ որն են պլանավորել: Այն, որ գործի քննության հիմնական նպատակն է գտնել այդ ընտանիքին օգնելու միջոցներ, ինձ համար պարզից պարզ է, որովհետև այդ ձեռագրին ծանոթ եմ»,- հավելեց փաստաբանը: 
Նա հիշեցրեց 2013-ին արված իր կանխատեսումները. «2013 թվականին, երբ այդ անձանց ազատեցին քրեական պատասխանատվությունից, ակնհայտ ապօրինաբար, ես ասուլիսներից մեկի ժամանակ ասացի, որ այսուհետ այդ անձանց կատարած յուրաքանչյուր հանցագործության համար պատասխանատվություն կրում են ինչպես այդ անձինք, այնպես էլ նրանք, ովքեր այդ անձանց օգնեցին խուսափել քրեական պատասխանատվությունից»: 
Ալումյանի կարծիքով, Տիգրան Խաչատրյանը չէր ձերբակալվի, եթե չլինեին զանգվածային լրատվության միջոցները, որոնք այդ դեպքի մասին անընդհատ բարձրաձայնում էին: 
«Բայց սպասեք անակնկալների այդ գործով: Չգիտեմ` հիմա ինչ մեթոդ կընտրեն նրանց պատժից ազատելու համար, դժվար է կանխատեսել, բայց ինչ-որ մի բան, հավանաբար, փորձելու են անել, դրա համար ասում եմ` սպասեք` անակնկալների»,- հայտարարեց Ալումյանը: