07-12-2016 18:48

Հասունացել է պահը, որ ՀՀ-ն արևմտահայերենով դպրոց ունենա

Այսօր Հայաստանը կանգնած է արևմտահայերեն դասավանդող դպրոցներ ստեղծելու անհրաժեշտության առաջ: Չորեքշաբթի օրն այս մասին հայտնեց ՀՀ Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:

Նախարարը նշեց, որ այսօր Հայաստանում են բնակվում արաբական երկրներից գաղթած 16 հազար հայեր, որոնք խոսում են արևմտահայերենով, ինչն էլ  դժվարացնում է  հայաստանյան կրթական համակարգին նրանց ինտեգրումը. « Այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում: Մենք արդեն զրուցել ենք ներդրողների հետ, որոնք արևմտահայ ավագ դպրոց ստեղծելու համար  ֆինանսական աջակցություն տրամադրելու պատրաստակամություն են հայտնել»:  Նախարարը ասաց, որ ժամանակի հետ այդ դպրոցը կվերածվի մշակութային կենտրոնի:

Լ. Մկրտչյանը նշեց, որ արևմտահայերենի պահպանումը շատ կարևոր է Հայաստանի համար, քանի որ այն կորցրած հայրենիքի մաս է հանդիսանում: Նախարարը նաև հիշեցրեց, որ արևմտահայերենի դասավանդումն  արդեն իսկ իրականացվում է Հայաստանի որոշ դպրոցներում: Իսկ առաջիկայում  հնարավոր է նաև արևմտահայերենով հեռուստածրագրերի հեռարձակումը: