14-01-2014 11:01

Շենքի բակերը դեռևս սառույցի հաստ շերտով են պատված

Երկարատև ամպրոպից ու մռայլ եղանակից հետո, այսօր, հունվարի 14-ին վերջապես արևոտ եղանակ է: Գիշերը տեղացել է առատ ձյուն: Դժվարացել է քաղաքաի երթևեկությունը: Վաղ առավոտից դժվարանցանելի էր Արցախի փողոցը, վարորդները զգուշությամբ էին վարում մեքենաները: Առատ ձյան հետևանքով փողոցներում խցանումներ էին առաջացել:
Տեղացած ձյան պատճառով դժվար են տեղաշարժվում նաև մարդիկ: Օրինակ Ալեք-Մանուկյան փողոցում մի կին իր 5-ամյա աղջկա հետ սայթակեց, ստանալով թեթև վնասվածքներ, քանի որ ձյունն անմիջապես սառույցի շերտի վրա է:
Իհարկե արևն ուրախացնող է, բայց մանավանդ մեծահասակները դեռևս տանից դուրս չեն գալիս: Օրինակ՝ Մուրացանի փողոցի 109 շենքի բակում դեռևս առաջին ձյան հետևանքներն են: Հաստ սառույցի շերտի պատճառով մեծահասակներն անգամ խանութ չեն կարողանում գնալ: Շենքի բնակիչներից ոմանք, իրենց նախաձեռնությամբ ավազ կամ աղ են շաղ տալիս:
Շենքի թոշակառու բնակչուհի Թամարա Սուքիասյանը նշեց, որ արդեն երկու ամիս է չի կարողանում անգամ հացի գնալ, սակայն առավոտյան տեսնելով տեղացած ձյունն ուրախացել է, քանի որ ավելի ապահով կքայլի, քան սառույցի հաստ շերտի վրայով: Տիկին Թամարան սառույցի պատճառով մեկ անգամ շենքի մուտքի մոտ ընկել է, ստանալով վնասվածքներ:
Նշենք, որ քաղաքում ձյան մաքրման աշխատանքները սկասվել են առավոտյան 10-ից հետո, այն էլ դեռևս կենտրոնական հատվածներում, իսկ ահա որոշ շենքերի բակերում ողջ ձմռան ընթացքում, մաքրման աշխատանքներ գրեթե չեն տարվել: