Բավ է պառակտվել
28-06-2016 13:45

Քրիստոնեությունը պետք է դիտարկվի նաև որպես արժեհամակարգ. Շավարշ Քոչարյան

Քրիստոնեությունը, կրոն լինելուց զատ, պետք է դիտարկվի նաև որպես արժեհամակարգ, որը կանգնած է ժամանակակից ժողովրդավարության ակունքներում: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:
Նրա խոսքերով 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունելու փաստը առանցքային դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ:
«Քրիստոնեությունը, կրոն լինելուց զատ, պետք է դիտարկվի նաև որպես արժեհամակարգ, որը կանգնած է ժամանակակից ժողովրդավարության ակունքներում: 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն առաջինն ընդունելու փաստը առանցքային դեր է խաղացել հայ ժողովրդի պատմության մեջ: Ինչպես վկայել է պատմությունը, քրիստոնեական արժեհամակարգը դարձավ հայոց ինքնության անբաժանելի մասը, և պայմանավորված արտաքին ուժերի ճնշման պայմաններում այդ ինքնության պահպանման համար պայքարը վերածվեց նաև պայքարի հանուն արժեհամակարգի և քրիստոնեական հավատի: Չափազանցություն չի լինի, եթե այսօր աշխարհում գոյություն ունեցող ժողովուրդներին համեմատենք սառցալեռի երևացող հատվածի հետ: Բազմաթիվ ժողովուրդներ վերացել և վերանում են՝ առաջին հերթին պայմանավորված ոչ թե ֆիզիկական վերացման, այլ ինքնության կորուստի և այլ ժողովուրդներին ձուլվելու հետ: Չնայած տարբեր հզոր տերությունների ավերիչ արշավների և տիրապետության՝ հայոց ինքնությունը պահպանվել է քրիստոնեական արժեքների վրա հիմնված ինքնության պահպանմանն ուղղված իր պայքարի շնորհիվ», - ասել է Քոչարյանը:
Հարցին թե հայ ժողովուրդն ինչ է ակնկալում Հռոմի Պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցելությունից Շավարշ Քոչարյանը պատասխանել է. «Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցը ունի համաքրիստոնեական նշանակություն, քանի որ դա այց է առաջին քրիստոնեական երկիր: Այս այցը նաև առիթ է մեր ողջ ժողովրդի համար, Հայաստանում և Սփյուռքում, մեր երախտագիտությունը հայտնել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ Հայոց ցեղասպանության հարցում իր ունեցած սկզբունքային դիրքորոշման համար, որը դրսևորվել էր նախքան նրա՝ Հռոմի Պապ ընտրվելը: Հավատում ենք, որ Հռոմի Պապի այցը Հայաստան, իսկ ավելի ուշ՝ սեպտեմբերին, Վրաստան և Ադրբեջան, հանդուրժողականության և խաղաղության խորհուրդ է բերելու ողջ տարածաշրջան», - նշել է նա: