Բավ է պառակտվել
21-05-2015 10:28

Ժխտելով Ցեղասպանությունը՝ Անկարան հանցակից է դառնում երիտթուրքերի հանցագործությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախօրեին մասնակցել է Հունաստանի Հանրապետության խորհրդարանի դահլիճում պատմության մեջ առաջին անգամ կազմակերպված «Ցեղասպանություն. դատապարտումը պարտադիր է» խորագրով համաժողովին: 
Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովի լրատվական ծառայությունից։ 
Համաժողովի բացմանը ելույթով հանդես է եկել Հունաստանի խորհրդարանի նախագահ Զոյի Կոնստանտոպուլուն, որը մասնավորապես նշել է. «Ցեղասպանության չդատապարտումը ծնում է նոր հանցագործություններ: Իրերը հարկավոր է կոչել իրենց անուններով. մարդկության պատմությունը պետք է սրբագրվի ազնիվ մոտեցումներով»: 
Զոյի Կոնստանտոպուլուն ցեղասպանությունների միջազգային դատապարտման հարցում կարևորել է միջազգային հարթակներում հույն և հայ խորհրդարանականների միասնական պայքարի անհրաժեշտությունը: 
Համաժողովին ելույթով հանդես է եկել նաև ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա կարևորել է պատմական համաժողովի անցկացումը՝ նշելով, որ հայ-հունական միջխորհրդարանական համագործակցությունը նոր որակ է ստանում, ինչը կարող է արդյունավետ լինել երկու երկրների խորհրդարանների միասնական օրակարգն առաջ մղելու հարցում: 
Էդուարդ Շարմազանովը վերահաստատել է թուրքական ժխտողականության դեմ պայքարի անհրաժեշտությունը: Նա մասնավորապես նշել է. «Պաշտոնական Անկարան, ժխտելով քրիստոնյա ժողովուրդների ցեղասպանությունը, հանցակից է դառնում մեկ դար առաջ երիտթուրքերի, ապա քեմալականների կողմից իրականացված հրեշավոր հանցագործությանը՝ իր ուսերին վերցնելով միլիոնավոր անմեղ մարդկանց նահատակության բեռը»: 
Ելույթներով հանդես են եկել նաև Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը, Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի ատենապետ Գասպար Կարապետյանը, Հարավային Հունաստանի և կղզիների պոնտական ասոցիացիաների միության նախագահ Յորղոս Վարիթիմիադեսը, հույն պատգամավորներ: