09-12-2014 14:39

ՀՀ ԱԺ փոխնախագահը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը դեկտեմբերի 9-ին հանդիպել է «Սինջար եզդիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Բորիս Թամոյանի, ՀԿ-ի անդամներ Մամե Ամիրանի, Համլետ Սմոյանի եւ եզդիական համայնքի ներկայացուցիչ Սիաբանդ Բաքոյանի հետ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ դեկտեմբերի 9-ը խորհրդանշական օր է, քանի որ 1948 թ.-ին՝ այդ օրը, Միացյալ ազգերի կազմակերպության Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունվել է «Ցեղասպանություն հանցագործության կանխման եւ պատժման կոնվենցիա»-ն: Նրա համոզմամբ՝ միջազգային կառույցները պետք է պայքարեն հանուն ցեղասպանությունների դատապարտման եւ ժխտողականության դեմ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն անընդունելի է համարել Իրաքի հյուսիս-արեւմուտքում եզդի բնակչության հանդեպ իրականացվող զանգվածային բռնությունները՝ նշելով, որ այդ անմարդկային բռնությունների մասին խոսել է նաեւ երկրի ղեկավարը ՄԱԿ-ի բարձր ամբիոնից: Եզդիական համայնքի ներկայացուցիչներն իրենց հերթին բարձր են գնահատել ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում: Անդրադառնալով Իրաքի հյուսիսում եզդիների խնդիրներին, ինչպես նաեւ Սիրիայում քրիստոնյաների հանդեպ բռնություններին եւ Դեյր էզ Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցմանը՝ ԱԺ փոխնախագահն ընդգծել է, որ ցեղասպան քաղաքականությունն այսօր էլ շարունակվում է: Հանդիպմանը ԱԺ փոխնախագահը նշել է, որ տարբեր ազգային փոքրամասնությունների հետ բազմաթիվ հանդիպումների ընթացքում ԱԺ նախագահին կից Ազգային փոքրամասնությունների խորհուրդ ստեղծելու առաջարկ է ստացել: Պարոն Շարմազանովը հարցն առաջիկայում քննարկելու պատրաստակամություն է հայտնել: Հասարակական կազմակերպության անդամներն առաջարկել են 2015 թվականին ՀՀ Ազգային ժողովում կազմակերպել Իրաքի հյուսիս-արեւմուտքում եզդիների հանդեպ իրականացվող բռնությունների վերաբերյալ լուսանկարների ցուցադրություն: Հանդիպման ավարտին ՀԿ ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել եզդի համայնքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ցուցաբերած պետական հոգածության համար: