Բավ է պառակտվել
31-01-2015 13:18

Իշխանությունների կարեւորագույն խնդիրն է երկրի անվտանգությունը. Շարմազանով

Նախօրեին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ԱԺ պատգամավորներ Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը  և Կարեն Բոթոյանը  այցելել են Տավուշի մարզ: ԱԺ փոխնախագահի եւ պատգամավորների առաջին հանդիպումը Չորաթան գյուղի բնակիչների հետ էր: Խորհդարանականները նախ ծաղիկներ են դրել գյուղի զոհվածների հիշատակը հավերժացնող հուշաքարի մոտ, այնուհետեւ զրուցել են գյուղացիների հետ՝ փորձելով հասկանալ, թե 2015 թվականից ՀՀ օրենսդրությամբ նախատեսված արտոնություններն ու սոցիալական աջակցությանը վերաբերող իրավակարգավորումները որքանով են թեւթեւացրել սահմանամերձ համայնքների խնդիրները: Խորհրդարանականները պատրաստակամություն են հայտնել քննարկելու ցանկացած առաջարկ եւ միասին գտնելու դրանց լուծման ուղիները:

Կարեւորելով սահմանամերձ բնակավայրերում նոր աշխատատեղերի ստեղծումը՝ պատգամավորներն իրենց խոսքում նշել են, որ առաջիկայում այդ ուղղությամբ նախատեսվում է իրականացնել մի շարք ծրագրեր, մասնավորապես ՌԴ-ից մի խումբ գործարարներ նպատակ ունեն սահմանամերձ բնակավայրերում հիմնել նոր ձեռնարկություն, ինչն էլ հնարավորություն կընձեռի ստեղծել նոր աշխատատատեղեր: Չորաթանում խորհրդարանականներն այցելել են օրեր առաջ հայ-ադրբեջանական սահմանին հակառակորդի կողմից սպանված պայմանագրային զինծառայող Արման Ուդումյանի ընտանիքին, զրուցել երեխաների եւ հարազատների հետ: Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Արծվիկ Մինասյանը եւ Կարեն Բոթոյանը եղել են նաեւ Չինարի գյուղում:  Անդրադառնալով բարձրացված խնդիրներին՝ Էդուարդ Շարմազանովը նշել է, որ պետք է առաջնահերթություն տալ հրատապ լուծում պահանջող հարցերին: Էդուարդ Շարմազանովը ՀՀ ԱԺ նախագահի կողմից Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանին, Չորաթանի գյուղապետ Վարուժան Բաղմանյանին եւ Բերդի հոսպիտալի տնօրեն Էդիկ Գրիգորյանին պարգեւատրել է ԱԺ անվանական ժամացույցներով: Այնուհետեւ ՀՀ ԱԺ փոխնախագահը եւ պատգամավորները եղել են Տավուշի մարտական հենակետերում եւ Մեհրաբի գնդում, ուսումնասիրել դրանց պայմանները, ծանոթացել զինվորների առօրյային ու խնդիրներին: Պատգամավորները բարձր են գնահատել Հայոց բանակի մարտունակությունն ու բարձր պատրաստվածությունը, հայրենիքի նկատմամբ ունեցած սերն ու նվիրվածությունը, իսկ հայ սահմանապահներն էլ իրենց հերթին նշել են, որ գիտակցում են, որ մեր հայրենիքի անվտանգության պաշտպաններն են եւ վստահեցրել են, որ մեր երկրի ու ԼՂՀ սահմանների պաշտպանությունն ամուր ձեռքերում է: «Հայրենիքը սկսվում է սահմանից»,-ասել է Էդուարդ Շարմազանովը եւ համոզմունք հայտնել, որ հայ զինվորները փառքով եւ պատվով են կատարում իրենց վրա դրված պարտականությունները՝ քաջ գիտակցելով, որ հայ ժողովուրդն իրենց շնորհիվ է հանգիստ քնում: Խորհրդարանականները զինվորականներին նվիրել են հայրենասիրական գրականություն: