Բավ է պառակտվել
06-10-2014 15:19

Շանթի գործով ողջ դատական գործընթացը ֆարս է. ամբաստանյալների հարազատները դժգոհ են ողջ գործընթացից

Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի և նրա ընկերների ողջ նախաքննական և դատական գործընթացը ֆարս է. այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Շանթ Հարությունյանի նախկին կինը՝ Ռուզաննա Բադալյանը: Նա ընդգծեց, որ դատարանում որպես տուժող են հանդես գալիս միայն ոստիկանները, վկաները նույնպես ոստիկաններ են, իսկ ազատության համար մարտնչող մարդիկ կանգնած են դատարանի առաջ:
«Իրենք պետք է հայտնվեն բանտերում իրական հանցագործների փոխարեն՝ իրենց ընտանիքներն անօգնական թողնելով: Պահանջում ենք, որ արդարություն լինի, բայց նրանք գրեթե մեկ տարի է բանտերում են, և արդեն իսկ արդարությունը խախտվել է: Իրենք էլ դուրս էին եկել հենց արդարության համար, քանի որ մեր երկրի ոչ մի բնագավառում չկա արդարություն»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանի և նրա ընկերների գործով դատական նիստին մեղադրող Գևորգ Գևորգյանը իր մեղադրական ճառի ժամանակ առաջարկեց Շանթ Հարությունյանին դատապարտել 7 տարվա ազատազրկման, իսկ նրա անչափահաս որդուն՝ 5: Մյուս ամբաստանյալների մասով դատախազն առաջարկեց 50 հազար դրամ տուգանքից մինչև 8 տարի 6 ամիս ժամկետ:
Ռուզաննա Բադալյանը հիշեցրեց, որ գործով տուժող ոստիկանները հիմնականում տուժող են ճանաչվել կա՛մ պայթուցիկի արդյունքում աչքերը մրմռալու, կա՛մ հրելու համար:
«Այս ամենը ծիծաղաշարժ է ու դրա համար մարդկանց դատապարտում են մինչև 8 տարի ազատազրկմա՞ն: Նրանք պետք է միայն տուգանքներ նշանակեին, և պատասխանատվության կանչվեին ոստիկանները»,- ասաց նա:
Գործով ամբաստանյալներից Վահե Մկրտչյանի կինն ընդգծեց, որ նոյեմբերի 5-ին տեղի ունեցածը այսօր կալանավայրերում գտնվողների գաղափարական միտումներն էին:
«Նրանք ուզում էին ներկայացնեին ողջ հանրությանը իրենց գաղափարը, նրանք անձնական խնդիր չէին լուծում: Նրանց պետք է ազատ արձակեն, քանի որ երթը խաղաղ էր: Պարզապես ոստիկանությունը հարմար պահը որսաց ու մտավ տղաների մեջ, խառնաշփոթ ստեղծեցին և նրանք ստիպված սկսեցին պաշտպանվել: Այո՛, նրանք ունեին մահակներ ու պայթուցիկներ, քանի որ, չվստահելով ոստիկանությանը, նախապես վերցրել էին ինքնապաշտպանվելու համար: Նրանք շարժվել են օրենքով, իսկ ոստիկանները պարտավոր էին օգնել փողոցն անցնել: Այս իրավիճակը չէր ստեղծվի, եթե ոստիկանությունը չուզենար»,- ասաց նա:
Ամբաստանյալներից Սևակ Մնացականյանի մայրն էլ՝ տիկին Նորան, նշեց, որ զղջում է, որ որդուն սովորեցրել է լինել ազնիվ, ճշտախոս ու հայրենիքը սիրող, քանի որ Հայաստանում նման մարդիկ տեղ չունեն:
«Սևակին այժմ դատում են ընկերոջը օգնելու համար: Նա նոյեմբերի 5-ին տեսել է, որ 8 հոգով հարձակվել են Ավետիս Ավետիսյանի վրա և ծեծում են: Նա վրա է հասնում ու հրում ոստիկաններին: Դրա համար այսօր դատապարտվում է 4 տարվա ազատազրկման: Բայց եթե այդ մարդը նույնիսկ ընկերն էլ չլիներ, Սևակը դարձյալ պաշտպանելու էր, որովհետև նա էությամբ այդպիսինն է»,- ասաց նա:
Կանայք ասուլիսի վերջում հայտարարեցին, թե պատրաստ են անգամ հացադուլի նստել, բայց արդեն հասկացել են, որ Հայաստանում իրենց ձայնը լսող չկա: