01-08-2014 14:44

Մանթո՞ ես, որ միլիցա ենք խփել. Շանթ Հարությունյանը դատարանում բարկացավ

Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով դատական նիստին այսօր հարցաքննվեց վկաներից Արտակ Ավետիսյանը:

Վերջինս պատմեց, որ նոյեմբերի 5-ին՝ դեպքի օրը, ծառայություն է իրականացրել Բայրոն փողոցում, իսկ երբ հրահանգ է ստացել մոտենալ երթին տեսել է, թե ինչպես են ցուցարարները պայթուցիկներ նետում, հարվածում քաղաքացիական հագուստով մի անձի:
Նա նշեց, որ Չչի հիշում ով, բայց ցուցարարներից մեկը ասել է՝ ՛՛մլիցա ա խփեք՛՛:
Պաշտպան Ռուզաննա Հովհաննիսյանը հարցրեց, թե ինչպես նա իմացավ, որ քաղաքացիական հագուստով անձը ոստիկան է, ինչին վկա ոստիկանը պատասխանեց, որ նաև ճանաչում էր դեմքով, քանի որ տեսել է ծառայության ընթացքում:

Վկան նաև պնդեց, որ իրենք հետագայում պարզել են, որ քաղաքացիական հագուստով ոստիկանին հարվածողների շարքում է եղել նաև ամբաստանյալ Վարդան Վարդանյանը:

Արտակ Ավետիսյանը նաև պատմեց, որ նկատել է սպորտային համազգեստով մի երիտասարդի, որը ձեռքի բռունցքի չափով իրեր էր նետում ոստիկանների ոտքերի տալ, որոնք պայթում էին: Նրա խոսքով՝ պայթուցիկներից ծուխ ու կրակ էր դուրս գալիս:

Ոստիկանը նաև պատմեց, որ դեպքի հաջորդ օրը իր գործընկերների հետ այցելել է իրենց գումարտակի հրամանատարին, որը որովայնի մասում վնասվածք էր ստացել ու գտնվում էր հիվանդանոցում: Այցելության ժամանակ ուսումնասիրել են համացանցում տեղադրված տեսանյութերը, ու պարզել, որ պայթուցիկներ նետող սպորտային համազգեստով անձն էլ Ավետիս Ավետիսյանն էր:

Վկայի պատասխանները հունից հանեցին Շանթ Հարությունյանին, ով սկսեց գոռալ ոստիկանի վրա. ՛՛Մանթո՞ ես, որ միլիցա ենք խփել: Լա՛վ ենք արել, տփել ենք, բախտդ բերել է, որ քեզ չենք տփել: Րոպեն մեկ ասում է՝ ասում էին միլիցա է տփեք, տո՛ ոստիկանն ի՞նչ իրավունք ուներ քաղաքացիական հագուստով գար: Դեմագոգություն է անում, ասեք՝ չանի՛՛:

Քիչ անց Շանթ Հարությունյանը կրկին վրդովվեց. ՛՛Տո դու ո՞վ ես, դու գիտե՞ս՝ սուտ խոսալն ինչ է՛՛: Դատավորը ընդմիջեց դատական նիստը, և Շանթ Հարությունյանին հեռացրին նիստերի դահլիճից:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 5-ին «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանն իր աջակիցների հետ Երևանի Մաշտոցի պողոտայով փորձել էր շարժվել դեպի նախագահական նստավայր, որպեսզի, ինչպես ինքն էր ավելի վաղ հայտարարել, պայթեցնի այն։ Սակայն Ոոստիկանությունը թույլ չէր տվել նրանց շարունակել երթը, ինչի հետևանքով բախումներ էին տեղի ունեցել, ձերբակալվել էր ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ Շանթ Հարությունյանը։