13-08-2014 13:53

Շանթ Հարությունյանի որդին հարվածել է ոստիկանին

Այսօր, Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը պատմեց, որ նոյեմբերի 5-ի դեպքերի ժամանակ հարվածել է ոստիկանին այն ժամանակ, երբ տեսել է, որ հորը մի քանի ոստիկան գցել են գետնին ու ոտքերով ծեծում են:

«Նոյեմբերի 5-ին եկել եմ Ազատության հրապարակ, իմացել եմ, որ երթ է լինելու, չեմ իմացել՝ ուր ենք գնալու, բայց իրենց հետ շարժվել եմ: Մեկ էլ պայթյուն լսեցի ու խառնաշփոթ սկսվեց: Ես տեսա, որ հայրիկիս մի քանի ոստիկան հարվածում էին, ես էլ սկսեցի խփել, ինձ նստեցրեցին տաքսի, որտեղ էլ գողացել են մոտիս հեռախոսն ու գումարս»,-ասաց նա:

Շահեն Հարությունյանը նաև պատմեց, որ ոստիկանության բաժանմունքում իրեն հավատացրել են, որ հայրն ու ևս մի քանի մարդիկ մահացել են, մի մասն էլ վերակենդանացման բաժանմունքում են ու հետագայում բանտում փտելու են:

Ի պատասխան ամբաստանյալի պաշտպան Ինեսա Պետրոսյանի հարցի, թե ինչո՞ւ է հարվածել ոստիկանին, պատասխանեց. «Դե որ տեսա՝ հորս խփում են, ես էլ խփեցի, որ պաշտպանեմ, դրանից հետո ոստիկաններն ընկան հետևիցս, ինձ էլ գցեցին մի հատ ավտոյի անիվների մոտ ու սկսեցին խփել ոտքերով»:
Շանթ Հարությունյանը ևս հարցեր ուղղեց որդուն: Մասնավորապես նա խնդրեց որդու հիշել, թե մինչև երթի սկսվելը ի՞նչ է ասել իրեն։

«Հիշում եմ, որ ասացիր՝ պետք է արժանապատիվ ապրենք, պայքարենք մինչև վերջ ու հաղթանակի հասնենք»,-ասաց նա: