Բավ է պառակտվել
04-07-2014 16:49

20 հոգով անչափահաս երեխուն բոթում են. Շ. Հարությունյան

Դուք չեք պայթացրե՞լ էդ խլապուշկեքից. Շանթ Հարությունյանը մեկնաբանում է նոյեմբերի 5-ի տեսանյութերը Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում այսօր՝ հուլիսի 4-ին, Նոյեմբերի 5-ի գործով դատական նիստին դատարանն սկսեց մեղադրող կողմի ներկայացրած եւ որպես ապացույց գործում ներգրավված դեպքի օրվա տեսանյութերի հետազոտությունը:
Դատարանն արդեն ուսումնասիրել է մեկ ամբողջական տեսանյութ, որտեղ երեւում է երթի մեկնարկը, Մաշտոցի պողոտայում կատարվածը,ինչպես նաեւ երթի մասնակիցներին բերման ենթարկելը: Ցուցադրվող տեսանյութի վերաբերյալ մեղադրյալներից ժամանակ առ ժամանակ մեկնաբանություններ էր անում միայն Շանթ Հարությունյանը: Մաշտոցի պողոտայում կատարված դեպքերը դիտելու ժամանակ Շանթ Հարությունյանը, նայելով դահլիճում նստածներին, տեղից կատակով ասաց. «Չեք պայթացրե՞լ դուք էդ խլապուշկեքից»:

Իսկ երբ ցուցադրվեց տեսանյութի այն հատվածը, որտեղ ոստիկանները բերման են ենթարկում իր որդուն՝ գործով մեղադրյալ անչափահաս Շահեն Հարությունյանին, Շանթ Հարությունյանը նկատեց. «Անչափահաս երեխուն դրել, 20 հոգով բոթում են»:

Քանի որ մեղադրողը գործին կցված մի քանի տեսաերիզ է ներկայացրել, տարբեր անկյուններից նկարահանված, պաշտպանները և Շանթ Հարությունյանը դատարանին դիմեցին՝ ասելով, որ եթե դրանցում էական տարբերություններ չկան, արագացված դիտեն տեսաերիզները՝ մանրամասն հետազոտելով միայն այն հատվածը, որն առնչվում է ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքին:

«Եթե նույն բանը աջ կողմից ենք նայելու, ձախ կողմից ենք նայելու, իմաստ չկա»,-ասաց Շանթ Հարությունյանը: Դատական նիստը շարունակվում է:

Հիշեցնենք, որ «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանը 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: Այս գործով մեղադրանք էր առաջադրվել 14 քաղաքացիների, այդ թվում Շանթ Հարությունյանին եւ նրա անչափահաս որդուն: Շանթ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ խուլիգանությանը):