11-09-2014 20:51

Պետք է անել առավելագույնը արատավոր երևույթները բացառելու համար.Ս. Օհանյան

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր  մեկնել է ՀՀ ՊՆ N զորամաս, որտեղ, ս.թ. սեպտեմբերի 8-ին, ժամը 01:15-ի սահմաններում, ավտոհավաքակայանի շինության ետնամասում, ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով հայտնաբերվել էր պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը:
Զորամասում ՀՀ պաշտպանության նախարարը անցկացրել է խորհրդակցություն, որին ներկա են եղել ՀՀ ՊՆ, ԶՈՒ, ԶՈՒ ԳՇ մի շարք վարչությունների պետեր, զորամիավորման, զորամասի հրամկազմի, ՊՆ ռազմական ոստիկանության և քննչական ծառայության ներկայացուցիչներ, բարձրաստիճան այլ զինվորականններ ու քաղաքացիական հատուկ ծառայողներ:
Նախքան խորհրդակցությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը շրջայց է կատարել զորամասում, եղել դեպքի վայրում, զորանոցում, հետաքրքրվել անձնակազմի բարոյահոգեբանական մթնոլորտով և զինվորների ծառայողական պարտականությունների իմացությամբ, ինչպես նաև ծանոթացել զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին:
Խորհրդակցության ընթացքում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին են ներկայացվել նախաքննության և ծառայողական քննության բոլոր մանրամասները: Լսելով գործի քննությանն առնչվող զեկույցներն ու դիտարկումները, պաշտպանության նախարարը նշել է, որ խիստ անթույլատրելի և անհանդուրժելի է, երբ մարտական հենակետերում զինծառայողները քաջագործություններ են կատարում` կյանքի գնով պաշտպանելով հայրենի սահմանները, մինչդեռ այդ նույն ժամանակ զորամասերում որոշ սպաների անգործության մատնվելու պատճառով տեղի են ունենում միջանձնային կանոնադրական հարբերությունների կոպիտ խախտումներ, որոնք բերում են մահվան:
Նախարարը հատուկ շեշտել է, որ անկախ նրանից, թե ինչն է դրդել զինվորին ինքասպանության, զորամասի ղեկավարության պատասխանատվության չափը դրանից ոչ մի կերպ չի նվազելու և ծառայողական քննության ավարտից հետո օրենքի ամբողջ խստությամբ պատժվելու են բանակային զորամիավորման հրամկազմից սկսած մինչև դիվիզիոն-մարտկոց օղակի բոլոր հրամանատարները: Այն զինծառայողները, ովքեր կանցեն քրեական գործով, կենթարկվեն քրեական պատասխանատվության, իսկ նրանք, ովքեր մեղավոր են ծառայողական պարտականությունների կատարման թերացման մեջ, կենթարկվեն խիստ կարգապահական տույժերի կամ կազատվեն զբաղեցրած պաշտոններից:
Խորհրդակցությանը ներկա մի շարք վարչությունների պետեր պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել զորամասում արձանագրված թերությունները և դրանք հնարավորինս սեղմ ժամկետներում վերացնելու ուղղությամբ իրականացվող աշխատանքները:
Խորհրդակցության մասնակիցներին տալով մի շարք հանձնարարականներ` Սեյրան Օհանյանը ևս մեկ անգամ ընդգծել է, որ տեղի ունեցող միջադեպերի մեծ մասը արագ զարգացող իրավիճակային հանցագործություններ են, որոնք հաճախ ծագում են ամենափոքր մանրուքից: Ուստի զորամասի հրամկազմի և ռազմական ոստիկանության ջանքերի համադրմամբ ու փոխհամաձայնեցված աշխատանքով պետք է անել առավելագույնը կանխարգելիչ միջոցառումների խստացման, իրականացվող ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության առավել բարձրացման ուղղությամբ, քանի որ միայն այդ կերպ զորամասերում կարելի է բացառել արատավոր երևույթների սաղմնավորումն ու տարածումը: