Բավ է պառակտվել
02-10-2015 11:52

Այժմ նպաստավոր պահ է ԼՂ հիմնախնդրի լուծման հարցում առաջընթաց արձանագրելու համար

Վերջին շրջանում առկա սահմանային լարվածության հրահրումը Ադրբեջանի կողմից պայմանավորված է մի շարք գործոններով: Այդ գործոնները gisher.news-ի խնդրաքով պարզաբանում է քաղաքագետ Արամ Մանուկյանը. «Այդ ճանապարհով Ադրբեջանը փորձում է ձախողել առաջընթացը հակամարտության կարգավորման բանակցային գործընթացում: Այն պարագայում, երբ սահմաններում առկա է նման լարվածություն, կան զոհեր, ԵԱՀԿ համանախագահների ուշադրությունը բևեռված է լինելու առաջին հերթին լարվածության թուլացումն ապահովելուն»,-նշեց վերլուծաբանն ու ավելացրեց. «Հասկանալի է, որ Ադրբեջանի քաղաքական վերնախավը գիտակցում է. Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի և բանակցային գործընթացի ու խնդրի կարգավորման բնականոն ընթացքին խանգարելու նպատակով իրականացնում է սադրանքներ սահմաններին»: Արամ Մանուկյանի համոզմամբ՝ Ադրբեջանը լրջագույն ճգնաժամ է ապրում թե արտաքին քաղաքականության և թե ներքին քաղաքականության մեջ ու սեփական հասարակության ուշադրությունն այդ խնդիրներից շեղելու նպատակով շփման գծում լարվածություն հրահրելը նրանց կողմից դիտարկվում է որպես ընդունելի տարբերակ:
«Լարվածության թուլացման համար այս պահին պետք է իրականացվեն ռազմական կոշտ պատասխան քայլեր,ինչն ըստ էության իրականացվում է մեր զինված ուժերի կողմից: Միևնույն ժամանակ հայկական կողմը պետք է փորձի օգտագործել ներկայումս Արևմուտքի հետ Ադրբեջանի ոչ այնքան լավ վիճակում գտնվող հարաբերությունները և ավելի ինտենսիվ գործի դիվանագիտական մակարդակում` խնդրի արդարացի լուծումն ապահովելու ուղղությամբ»,-վստահ է քաղաքագետը: Զրուցակցիս խոսքով՝ սրա համար լրացուցիչ դրական գործոն է նաև այն, որ Ադրբեջանի գլխավոր դաշնակիցը` Թուրքիան թե ներքին և թե արտաքին լուրջ խնդիրների առաջ է կանգնել: «Հետևաբար, կարելի է եզրակացնել, որ այժմ նպաստավոր պահ է միջազգային ասպարեզում Արցախի հիմնախնդրի լուծման հարցում դրական առաջընթաց արձանագրելու համար»,-եզրափակեց Արամ Մանուկյանը:

Տաթև Առաքելյան