Բավ է պառակտվել
23-04-2014 13:52

Սևանա լճից մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնում. Սերժ Սարգսյան

Այսօր, Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի տարեկան ժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքելով ակադեմիկոս Ռուբեն Ջրբաշյանի այն դիտարկմանը, թե պետք է կազմակերպել ցանց, որպեսզի Հայաստանից Ադրբեջան ջուր չգնա, նշել է, որ Սևանա լճից մի կաթիլ անգամ Ադրբեջան չի գնացել:Նշենք, որ իր ելույթում ակադեմիկոսը նշել է, որ պետք է Ազգային ժողովը, կառավարությունը Գիտությունների Ազգային ակադեմիայի հետ լուրջ քննարկումներ անցկացնի, պետք է խստորեն արգելվի Սևանից ջրի բացթողումը:

Ռուբեն Ջրբաշյանի ելույթի ավարտից հետո ՀՀ նախագահը շարունակել է.
՛՛Ազգային ժողովը Սևանի մասին ընդունել է օրենք, որով նախատեսված է, թե ամեն տարի ինչքան ջուր պետք է բաց թողնվի: Հիմնավորումները կատարել է Գիտությունների Ազգային ակադեմիան: Այդ հիմնավորումները նկատի ունենալով, կառավարությունը, Ազգային ժողովը նախատեսել են ֆինանսական միջոցներ, ներդրումներ են արել ու այդ ծրագրով առաջ ենք գնում: Մենք այդ ծրագրից բավականաչափ առաջ ենք անցել: Եթե պրոբլեմներ են առաջացել կապված բնակլիմայական պայմանների հետ, ինչ եք առաջարկում՝ որպեսզի Արարատյան դաշտավայրը ջուր չունենա, այս տարի բերք չունենա, ինչ է հարյուր խորանարդ մետր ջուր չվերցնենք ավելցուկից, որ կուտակել ենք: Այդ դեպքում ամեն ինչ փակենք, հանք, ջուր չօգտագորենք, ասենք այս ամենը պահենք վաղվան, կարող է պետք գա: Ամեն ինչ պետք է օգտագործել խնայողաբար, այնպես, որպեսզի վնաս չհասցվի: Իհարկե, պետք է սերունդների մասին էլ մտածել: Մեր հիմնական խնդիրը պետք է լինի մեր երկրի զարգացումն առանց վնաս հասցնելու՛՛,-հավելել է Սերժ Սարգսյանը: