25-07-2014 15:05

Սևանա լճում ժայռեր և հետաքրքիր տեսարաններ են հայտնաբերվել

Սևանա լճի ստորջրյա ավազանի գիտահետազոտական արշավ իրականացնող խումբը Սևանա լճի ստորջրյա հինգերորդ ֆրանս-հայկական գիտարշավի նպատակների ու արդյունքների շուրջ հրավիրված մամուլի ասուլիսին ներկայացրեց Սևանա լճի ստորջրյա մասում նոր բացահայտված տեսարժան վայրերը:

Ստորջրյա հետազոտությունների և սուզումների հայկական կենտրոնի սուզորդ Կլոդ Թուլումջանյանի հավաստմամբ՝ ամենատպավորիչ հայտնաբերումը այն էր, որ ջրի տակից՝ ավազից պղպջակներ էին դուրս գալիս մի հատվածում: Երբ սուզորդը լողում է այնտեղ, կարծես ակվարիումի մեջ լինի: Իսկ մոտ 20-25 մետր խորության վրա ժայռեր են գտել, որոնք ևս հետաքրքիր էին:

«Այս տարի ուսումնասիրել ենք նաև թերակղզու հետևի մասը, և այնտեղ ևս հետաքրքրություններ կային, մինչև 25 մ խորության վրա հետաքրքիր տեսարաններ են բացվում»,- ասաց նա և ավելացրեց, որ բուսական և կենդանական աշխարհը լճում շատ զարգացած է:

Հետազոտողներն առաջին հերթին ցանկանում են Հայաստանում զարգացնել ջրասուզման սպորտաձևը, ինչպես նաև Սևանում բացահայտել տեսարժան վայրեր:

Ասուլիսի մյուս բանախոս, կենտրոնի փոխնախագահ երկրաբանական գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ գիտնական Արա Ավագյանն էլ խոսեց լճի խնդիրների մասին՝ ընդգծելով, որ շատ խիստ է էկոլոգիական վիճակը: «Մեր վերաբերմունքը մեր հարստությանը շատ վատ է: Չթվարկենք թե ինչքան աղբ կար ավազանում: Սա իսկապես ահազանգ է, դա շատ է վնասում էկոլոգիային, այն վտանգում է շարժունակությունը»,- ասաց նա:

Վերջինս նաև նշեց, որ եթե կա ցանկություն, կենտրոնը պատրաստ է իր ունեցած ռեսուրսներով նպաստել այս կամ այն գիտական հետազոտություն իրականացնելուն: «Հսկայական աշխատանք կա անելու Սևանի ավազանի ուսումնասիրության առումով»,-ավելացրեց նա: