24-02-2017 11:07

Սերժ Թանկյանը կոչ է անում միանալ իրեն՝ ՀՀ խորհրդարանական ընտրությունները վերահսկելու նպատակով

Աշխարհահռչակ ամերիկյան ռոք երաժիշտ, «System of a Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը կոչ է արել միանալ իրեն, ինչպես նաև հայ արտիստներին և ակտիվիստներին՝ ապրիլի 2-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները վերահսկելու նպատակով:
«Խնդրում եմ, միացե՛ք ինձ և Երևանում աշխարհի տարբեր ծայրերից հավաքված բոլոր հայ ակտիվիստներին ու արտիստների համայնքին՝ ապրիլի սկզբին առաջիկա խորհրդարանական ընտրությունները վերահսկելու, ինչպես նաև թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու նպատակով»,– գրել է Թանկյանն իր Facebook-յան էջում:
Ռոք խմբի առաջատարը նաև կոչ է արել ստորագրել « Արդարություն Հայաստանում» անվանումով խնդրագիրը:
Խնդրագրի տակ արդեն ստորագրել են ինքը՝ Թանկյանը, կանադակա ռեժիսոր Ատոմ Էգոյանը, նրա կինը՝ հայտնի կանադական դերասանուհի Արսինե Խանջյանը և մշակույթի այլ անվանի հայազգի գործիչներ:
«Մենք, որպես Հայաստանում և Սփյուռքում բնակվող հայեր, հավաքականորեն հավատարիմ ենք Հայաստանում անհապաղ փոփոխության և արդարության գործին: Նկատի ունենալով 2016 գարնանը և ամռանը տեղի ունեցած ցնցումները և բողոքի ակցիաները, որոնք հանգեցրեցին մարդու և քաղաքացիական իրավունքների կոպիտ խախտումների, մենք ո՛չ ենք ասում կոռուպցիային, դատական անհավասարությանը, ոստիկանության դաժանությանը, քաղաքական կողմնակալությանը»,- ասված է խնդրագրի տեքստում:
Նշենք, որ հասարակական դրական ռեֆորմներ իրականացնելու հարցում Հայաստանի ժողովրդին աջակցելու կոչով « Արդարություն Հայաստանում» խնդրագիրը ստեղծվել է սեպտեմբերի 21-ին:
Սույն փաստաթղթի տակ ստորագրել են այնպիսի գործիչներ, ինչպիսիք են հայտնի ամերիկյան գրող Քրիս Բոյաջյանը, օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը, հայտնի դերասան Հրանտ Թոխատյանը, ֆրանսիական ռեժիսոր և «Reddit» ընկերության ղեկավար Սերժ Ավեդիկյանը:
Այս պահի դրությամբ խնդրագիրը ստորագրել են մոտ 4 հազար 792 մարդ: