Բավ է պառակտվել
22-04-2014 19:17

Սերժ Թանկյանը թուրքերին Հայոց ցեղասպանության մասին նամակ է գրել

Պոլսահայ ՛՛Ակօս՛՛ շաբաթաթերթում հրապարակվել է աշխարհահռչակ ռոք-երաժիշտ Սերժ Թանկյանի նամակն ուղղված թուրք ժողովրդին: Նամակում երգիչը պատմում է Հայոց ցեղասպանությունից փրկված պապերի պատմությունը:

՛՛Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ,

Անունս Սերժ Թանկյան է։ Ես ծնվել եմ Լիբանանում։ Պապիկներս ու տատիկներս եկել են այն վայրից, որն այժմ Թուրքիա է կոչվում։ Ստեփան պապս եկել է Կեսարիայից, իսկ Վարսենիկ տատս՝ Թոքատից։

Մյուս պապիկս ու տատիկս՝ Դորթյոլից և Ուրֆայից։ Նրանցից ոչ մեկն իր ծննդավայրը չի լքել իր ազատ կյամքով։ Նրանք բոլորն էլ քստմնելի ցեղասպանության վերապրողներ են, որն իրագործվել է Օսմանյան կայսրության վերջին օրերին՝ կառավարության գլուխ անցած իթթիհաթականների կողմից։ Բոլորն էլ երեխաներ են եղել այդ ժամանակ։ Ստեփան պապս փրկվել էր և որոշ ժամանակ բնակվել ամերիկյան, ապա՝ հունական որբանոցներում՝ մինչև որպես գաղթական Լիբանան հասնելը։ Վարսենիկ տատս և նրա մեծ մայրը սպանդից փրկվել էին մի թուրք քաղաքապետի շնորհիվ, որն իր կյանքն էր վտանգել՝ ճիշտ քայլ անելու համար։ Այս պատմությունները Թուրքիայի կամ այլ պետությունների արխիվային պատմություններ չեն։ Այս դեպքերն իմ ընտանիքի պատմությունն են։ Ավելի քան 600 տարի առաջ այն երկիրը, որտեղից մեծ հայրս է եկել, ճանաչված էր որպես պատմական Հայաստան։ Երբ մարդաբաններն ուսումնասիրություն են կատարում Թուրքիայում, նրանք հունա-հելլենական մշակույթների կողքին գտնում են մեր մշակույթի մնացորդները։ Թուրքիան շատ կարևոր է ինձ համար, ոչ միայն քանի որ իմ մեծ հայրս այնտեղից է եկել, այլ քանի որ իմ ամբողջ ազգն այդ հողերից է գալիս, որոնք բռնի ուժով խլվել են նրանցից ոչ թե պատերազմի կամ երկրի սահմանների փոփոխության հետևանքով, այլ իթթիհաթականների կառավարության վայրագ հրահանգների պատճառով։ Ի՞նչ նշանակություն ունեն այդ ամենը մեզ համար։ Շատ պարզ է։ Հայերս չենք ուզում ճնշում գործադրել Թուրքիայի վրա կամ ցեղային պառակտում ստեղծել։ Մենք միայն արդարություն ենք ուզում, որպեսզի բոլորս կարողանանք առաջ անցնել այս պատմական ցավից, որը կաշկանդում է մեր հարաբերությունները։ Սա միայն Հայոց ցեղասպանությանը չի վերաբերում, այլ նաև Թուրքիայի պատմության հարցն է։ Արդյոք Էրդողանի կառավարությունը ճիշտ քայլ կկատարի՞ այս հարցի շուրջ։ Չեմ կարծում։ Ոչ էլ ռազմական ատյանը, որը ժամանակակից Թուրքիայի պատմության մեջ իշխել է երկրի վրա և կանի դա։ Տեղյա՞կ եք, որ ձեր կառավարությունը տարեկան միլիոնավոր դոլարներ է ծախսում՝ ժխտելու համար այս իրականությունը՝ օտար մայրաքաղաքներում տարբեր լոբբինգային ընկերություններ գործի դնելով, տարբեր համալսարաններում նախագահների պաշտոններ առաջադրելով, որպեսզի հյուսեն իրականությունն՝ ըստ իրենց հարմարության։ Գիտե՞ք, թե դա ինչ նշանակություն ունի մեզ համար՝ որպես հայեր։ Գիտե՞ք, թե որքան տանջալի է դա մեզ համար։ Բավարար չէ՞ իմ՝ պատմության մեջ սոսկալի եղեռն վերապրածի թոռ լինելս։ Ստիպված եմ մեկ էլ միջազգային հարթակում քարոզչության և փտածության դեմ պայքարել, որպեսզի տիրանամ արդարությանս։ Մեր պատմությունները, աշխարհագրությունն ու արյունն իրար այնքան մոտ են, որ չենք կարող այս հարցերի լուծումները չգտնել։ Թե՛ հայերը, թե՛ թուրքերն արժանի են ունենալ ղեկավարներ և կառավարություններ, որոնք հավասարապաշտ են, ժողովրդավար և ոչ փտած։ Ավարտին կուզեմ շնորհակալություն հայտնել բոլոր այն հիանալի մարդկանց, որոնց հանդիպել եմ Թուրքիայում և որոնք ինձ հետ կիսել են իրենց պատմությունները, երաժշտական շրջագայության ժամանակ և առցանց, որոնք ինձ ճշմարտության և արդարության վրա հիմնված մերձեցման հույս են ներշնչել։

Թուրքիայի սիրելի՛ ժողովուրդ, մաղթում եմ, որ իսկապես կարողանաք գտնել ինքներդ ձեզ՛՛։