Բավ է պառակտվել
16-04-2014 12:54

Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է Սերժ Սարգսյանի կամակատարների միջոցով. Գ. Սարուխանյան

Արդեն ամիսներ շարունակ ազատամարտիկները պայքարում են պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի ազատության համար, ում՝ նրանք քաղբանտարկյալ են համարում: Այսօր, լրագրողների հետ հանդիպմանը ՛՛Ի պաշտպանություն Վոլոդյա Ավետիսյանի՛՛ հանձնախմբի համակարգող Գագիկ Սարուխանյանը նշեց, թե Հայաստանում Մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ կա, որը սակայն չի միջամտում գործի ընթացքին: ՛՛Իրավական բացարձակ բեսպրեդել ա, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ կա, բայց չգիտեմ` ինչով է զբաղվում: Ինչո՞վ է զբաղվում Կարեն Անդրեասյանը: Երբ դիմեցինքն նրանց, երիտասարդ մի աղջիկ եկավ մեզ հետ հանդիպման ու հայտնեց, որ մարդու իրավունքների խախտում չկա: Անդրեասյանը իր գլխից դուրս բաներ ա անում, ամսական հիսուն հազար դոլար լափում ա, բայց իր իսկական գործով չի զբաղվում՛՛,- ասաց նա ու նշեց, թե զարմացնում է, որ միջազգային մի շարք հայտնի լրատվամիջոցներ եւ կառույցներ ընդունում են Վոլոդյա Ավետիսյանին որպես քաղբանտարկյալ, իսկ Մարդու իրավունքների պաշտպանը լռում է: 

՛՛Ինչո՞ւ մենք պիտի դիմենք, երբ նա պետությունից գումարներ է ստանում մարդկանց իրավունքները պաշտպանելու համար: Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվել է Սերժ Սարգսյանի կամակատարների միջոցով, այնպես որ փոփոխություն չպետք է սպասենք՛՛,-նշեց Սարուխանյանը: Հիշեցնենք, որ պահեստազորի գնդապետ Վոլոդյա Արտուշի Ավետիսյանը ձերբակալվել է սեպտեմբերի 20-ին խարդախության կասկածանքով: ՀՀ ՊՆ Քննչական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ նա մեղադրվում է «քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Զաքարյանից խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով 2000 ԱՄՆ դոլար գումար հափշտակելու համար»: Գործը քննվում է Արաբկիր եւ Քանաքեռ Զեյթուն իրավասության դատարանում: