Բավ է պառակտվել
07-06-2014 12:54

Սերժ Սարգսյանը շնորհավորել է կառավարման ակադեմիայի 20-ամյակի կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել պետական կառավարման ակադեմիայի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ:

«Հայաստանի Հանրապետությունը երկու տասնամյակ առաջ թեւակոխեց իր պատմության նոր շրջափուլերից մեկը, որտեղ կարեւորվում էր ժամանակի գլոբալ մարտահրավերներին, երկրի առջեւ ծառացող խնդիրներին, նոր աշխարհի իրողություններին պատրաստ լինելու կարողությունը:

Մենք ունենք երկրի զարգացման հստակ եւ իրականանալի տեսլական, որին հնարավոր է հասնել` ստեղծելով ժամանակի պահանջներին համահունչ հանրային ծառայության համակարգ: Պետական ծառայության համակարգում երկրորդ սերնդի բարեփոխումներն անհնարին է իրականացնել առանց արդյունավետ կառավարման համակարգի ձեւավորման, առանց անհրաժեշտ կադրային բազայի: Այս առումով կարեւորում եմ պետական կառավարման ակադեմիայի գործունեությունը, որն ի սկզբանե կոչված էր նորանկախ Հայաստանի պետական կառավարման համակարգին անհրաժեշտ նոր, թարմ մտածողություն, հարուստ գիտելիքներ ունեցող, նախաձեռնող կառավարիչներ պատրաստելուն:

Հասարակության յուրաքանչյուր անդամ Հայաստանի Հանրապետությունում իրեն պետք է զգա պաշտպանված եւ հարգված, որը մեծապես պայմանավորված է պետական եւ տեղական ինքնակառավարման ինստիտուտների կողմից մատուցվող ծառայությունների որակով: Բոլորիս նպատակն է ունենալ հանրային որակյալ ծառայություն, սակայն դա հնարավոր չէ իրականացնել, եթե չունենանք որակյալ հանրային ծառայող: Այսօր հանրային ծառայության համակարգում մեծ թիվ են կազմում կառավարման ակադեմիայի շրջանավարտները, ովքեր իրենց արդյունավետ գործունեությամբ ապացուցել են այս կրթօջախի գոյության անհրաժեշտությունը:

Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության պետական կառավարման ակադեմիայի ղեկավարությանը, պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը ակադեմիայի հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ, մաղթում արգասաբեր գործունեություն»,- ասվում է Սարգսյանի ուղերձում: