Բավ է պառակտվել
25-09-2014 12:43

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Արթուր Չիլինգարովին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության դաշնային խորհրդի անդամ Արթուր Չիլինգարովին՝ ծննդյան 75-ամյակի առթիվ: Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։

Ուղերձում ասվում է. «Հարգելի Արթուր Նիկոլայի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ 75-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Որպես մեծ գիտնական, Դուք, անկասկած, հսկայական ներդրում եք ունեցել օվկիանոսագիտության և բևեռախուզության ոլորտներում ինչպես խորհրդային, այնպես էլ ժամանակակից ռուսաստանյան գիտական մտքի զարգացման գործում: Արկտիկայի և Անտարկտիդայի Ձեր գիտական նվաճումը անգնահատելի ներդրում է աշխարհագրական և բնական գիտությունների հետագա զարգացման գործում: Մեծ է Ձեր դերը ժամանակակից Ռուսաստանի պետականաշինության և զարգացման գործում: Մենք հպարտ ենք, որ նման մեծանուն մարդու երակներով հայի արյուն է հոսում: Հայաստանում Ձեզ գիտեն և բարձր են գնահատում որպես երկու երկրների ժողովուրդների բազմադարյա բարեկամության վրա հիմնված հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության հետևողական ամրապնդման հաստատուն կողմնակցի: Հարգելի Արթուր Նիկոլայի, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք և կենսական անսպառ եռանդ նոր գիտական բացահայտումների համար»։