29-10-2015 09:27

Նախագահը Լոնդոնում մասնակցել է Ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը

Աշխատանքային այցով Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանը Վեսթմինսթրյան աբբայությունում մասնակցել է 1915թ. Հայոց ցեղասպանության նոր սրբադասված նահատակների հիշատակի ոգեկոչման արարողությանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։ Էկումենիկ արարողությունը Լոնդոնի եպիսկոպոս Ռիչարդ Չարթրեսի հետ հանդիսապետել է Նորին Սրբություն Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Արարողությանը ներկա է գտնվել նաև Նորին Արքայական Մեծություն, Ուելսի արքայազն Չարլզը:  Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցի տարում Միացյալ Թագավորությունում Հայոց ցեղասպանության սրբադասված մարտիրոսների հիշատակությունն ու նրանց անմահ հոգիների համար էկումենիկ աղոթքը հնչել է նաև որպես հրավեր բարի կամքի տեր բոլոր մարդկանց, ազգերին ու ժողովուրդներին` միանալու արդարության հաստատման համար աղոթքին և իրենց ձայնը հնչեցնելու մարդկության դեմ մեծագույն հանցագործության` ցեղասպանության դեմ պայքարում, աղոթելու աշխարհում խաղաղության հաստատման ու պահպանման համար: 

Արարողության ժամանակ հոգևոր երգերը կատարել է Լոնդոնի Սբ. Եղիշե Հայկական եկեղեցու երգչախումբը: