08-10-2014 14:38

Նախագահը մասնակցել է Էջմիածնի տոնին նվիրված միջոցառումներին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մեկնել է Էջմիածին՝ մասնակցել քաղաքի տոնի՝ Էջմիածնի 2699-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումներին: Մինչ այդ, Հանրապետության Նախագահը նախ այցելել է Ս. Հռիփսիմե եկեղեցի, մոմ վառել, ապա տոնակատարությանը մասնակցող էջմիածինցիների ու քաղաքի հյուրերի հետ այցելել է Կոմիտասի անվան մշակույթի պալատ, մասնակցել Էջմիածնի տոնին նվիրված հանդիսավոր նիստին: Սերժ Սարգսյանը մշակույթի հիմնանորոգվող պալատի երկրորդ հարկում դիտել է քաղաքի տոնի կապակցությամբ բացված ցուցահանդեսը, այնուհետ Կոմիտասի անվան հրապարակում շրջել է տոնական տաղավարներով: Միջոցառումից հետո Սերժ Սարգսյանը ծաղիկներ է դրել քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել զոհվածների հիշատակին: Նախագահը դիտել է նաև տոնի առթիվ անցկացված շքերթը:

Էջմիածնից Նախագահ Սերժ Սարգսյանը մեկնել է մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, որտեղ ներկա է գտնվել «Խորեն և Շուշանիկ Ավետիսյաններ դպրոց և համայնքային կենտրոնի» ու «Գրիգոր և Պիաթրիս Պիլեզիքեան» նախակրթարանի մասնաշենքի բացման արարողություններին:

Կրթահամալիրում շրջայցի ժամանակ Հանրապետության Նախագահին ներկայացրել են շինարարության և շահագործման փուլերում էներգախնայող և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացված աշխատանքները և ուսումնառության համար ստեղծված պայմանները:

Կրթահամալիրի բացման առիթով, Հանրապետության Նախագահը Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության հոգաբարձուների խորհրդի անդամ, բարերար Էդվարդ Ավետիսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալ, որով ամերիկահայ բարերարը պարգևատրվել է ՀՀ Նախագահի հրամանագրով՝ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ, հայապահպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար: