Բավ է պառակտվել
03-06-2015 08:37

Սերժ Սարգսյանն ընդունել է Չեխիայի սահմանադրական դատարանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ ՍԴ նախագահի հրավերով Հայաստան ժամանած Չեխիայի Հանրապետության սահմանադրական դատարանի նախագահ Պավել Ռիխետսկիին: Սերժ Սարգսյանը ողջունել է բարձրաստիճան հյուրին մեր երկրում և համագործակցության ամրապնդման ու փորձի փոխանակման տեսանկյունից կարևորել հաճախակի փոխայցելությունները, որոնք, Հանրապետության նախագահի խոսքով, հնարավորություն են ընձեռում անկաշկանդ մթնոլորտում համակողմանի քննարկել մասնագիտական հարցեր, կարծիքներ փոխանակել Սահմանադրության ոլորտին առնչվող հիմնախնդիրների շուրջ: Սերժ Սարգսյանը Չեխիայի ՍԴ նախագահի այցը նաև օգտակար է համարել Հայաստանում մեկնարկած սահմանադրական բարեփոխումների գործընթացի ներկայիս փուլում, ընդգծելով, որ յուրաքանչյուր երկրի փորձ և հատկապես եվրոպական երկրի՝ Հայաստանի համար կարևոր է: Նախագահը գոհունակությամբ է խոսել հայ-չեխական միջպետական հարաբերությունների և տարբեր ոլորտներում փոխգործակցության մասին, որոնք, նրա խոսքով, վերջին տարիներին բավականաչափ ակտիվացել են: Ըստ Նախագահի, իրավական ոլորտում ևս հարաբերությունների զարգացմամբ երկու բարեկամ երկրների միջև համագործակցությունն ավելի ամբողջական կդառնա: Չեխիայի ՍԴ նախագահը բարձր է գնահատել Հայաստանի ՍԴ-ի հետ ձևավորված համագործակցությունը և ընդգծել, որ Հայաստանը՝ որպես եվրոպական քաղաքակրթության օրրան, միայն հարգանք է առաջացնում, և Չեխիայում պատրաստակամ են հայ գործընկերների հետ խորացնել առկա փոխգործակցությունը: Պավել Ռիխետսկին ՀՀ Նախագահին ներկայացրել է դեռևս 1920 թվականին հիմնված Չեխիայի ՍԴ-ի անցած ճանապարհը, ձեռքբերումները, երկրի սահմանադրական արդարադատության ներկայիս համակարգը և այն կատարելագործելու համար դեռևս առկա խնդիրները: Հանրապետության Նախագահը փոխադարձաբար հյուրին ներկայացրել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացը, այդ ճանապարհին եվրոպական կառույցների հետ սերտ համագործակցությունը, ինչպես նաև մեր երկրի համար հիշյալ բարեփոխումների կարևորությունն ու նպատակը: