Բավ է պառակտվել
24-09-2015 10:36

Մենք իսկապես պարտական ենք Սևանին և պետք է վերադարձնել պարտքը.ՀՀ նախագահ

Նախագահ Սերժ Սարգսյանը Գեղարքունիքի մարզպետի և մարզպետարանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել Գեղարքունիքի մարզի 2014թ. և 2015թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի, առկա հիմնախնդիրների և զարգացման ծրագրերի քննարկման նպատակով: «Այսօր ես խնդրել եմ ավելի համակողմանիորեն պատրաստվել Գեղարքունիքի մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ կապված քննարկմանը, որպեսզի կարողանանք միասին հասկանալ, թե ինչպես են մարզի զարգացման ընդհանուր պատկերի մեջ տեղավորվում այն խնդիրները, որոնցով մենք գրեթե ամեն օր զբաղվում ենք՝ որտե՞ղ դեռևս շատ մեծ անելիքներ ունենք, որտե՞ղ ենք ինչ-որ արդյունքների հասել, որպեսզի կարողանանք միասին առաջնահերթություններ սահմանել: Իհարկե, ցանկանում եմ, որ մենք քննարկենք նաև այն ծրագրերը, որոնք նոր ենք սկսել կամ նախապատրաստվում ենք իրականացնել: Խոսքս առաջին հերթին վերաբերում է Սևանի հետ կապված ծրագրերին և մարզում ջերմոցաշինության հետ կապված մեծ աշխատանքին, որ մենք միասին պետք է իրականացնենք: Ես նախկինում բազմաթիվ անգամ ասել եմ, հիմա էլ կրկնում եմ, որ, իրոք, մենք պարտք ունենք վերադարձնելու Սևանին և պիտի վերադարձնենք, բայց շատ ճիշտ կլինի, որպեսզի այդ պարտքի վերադարձի հետ կապված մենք ունենանք նաև որոշակի, այսպես ասած, տնտեսական բաղադրիչ՝ նպատակ ունենալով ապագայում այդ խնդիրները լուծել ոչ միայն պետական բյուջեի միջոցների հաշվին: Ձկնաբուծության ծրագիրը, որ արդեն սկսել ենք երկու տարի առաջ, կարծում եմ՝ զարգացման մեծ ներուժ ունեցող ծրագիր է: Անշուշտ, կուզենայի, որպեսզի այսօր նաև որոշակի արդյունքներ ընդհանրացնենք կապված այն խոշոր գումարների հետ, որ մենք ծախսում ենք շատ մարզերում, այդ թվում՝ Գեղարքունիքում, արոտավայրերի ջրարբիացման, պետության կողմից շուկայական արժեքից շատ ավելի ցածր գնով տրամադրվող սերմացուների, պարարտանյութի, դիզելային վառելիքի համար: Հասկանանք՝ ունե՞նք արդյոք առաջընթաց, թե՞ ուղղակի այդ գումարներով որոշակի վիճակ ենք պահպանում: Ավելանու՞մ են արդյոք ցանքատարածքները, բերքատվությունը: Կուզենայի տեսնել՝ ի՞նչ չափով է արդիականացվել գյուղատնտեսական մեքենաների պարկը, որովհետև այստեղ էլ մեծ աշխատանք է կատարվել և, անշուշտ, որևէ մարզի, այդ թվում նաև՝ Գեղարքունքի զարգացման պատկերն ամբողջական չի լինի առանց առողջապահության և կրթության հետ կապված խնդիրների լուծման»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ըստ առանձին ոլորտների՝ գյուղատնտեսություն, արդյունաբերություն, առողջապահություն և սոցիալական ապահովություն, բնապահպանություն, շինարարություն, ճանապարհաշինություն, ենթակառուցվածքներ և տրանսպորտ, քաղաքաշինություն և բնակկոմունալ տնտեսություն, կրթություն, մշակույթ, սպորտ և այլն, ներկայացրել է մարզում առկա իրավիճակը, իրականացված և ընթացիկ ծրագրերը, ինչպես նաև՝ մարզային հիմնախնդիրներն ու գերակայությունները: Մինչ հիմնական զեկույցին անցնելը, մարզպետն առանձնակի անդրադարձել է Գեղարքունիքի մարզում իրականացվող մի քանի ծրագրերի, այդ թվում՝ ձկնաբուծության ծրագրին, որի հետ կապված Հանրապետության Նախագահն ընդգծել է, որ այն միայն ձկնային պաշարների խնդիր չէ, որ լուծում է: «Այնտեղ միայն ձկնային պաշարների լուծման խնդիր չէ։ Այնտեղ մենք զուգահեռ պիտի լուծենք նաև էկոլոգիական հավասարակշռության վերականգնման խնդիրներ։ Կոնկրետ Սևան լցվող գետերն աստիճանաբար պետք է ազատենք վերջին 15-20 տարիների այն կառույցներից, որոնք, միգուցե, ինչ-որ չափով տնտեսական արդյունք են տալիս, բայց խաթարում են բնականոն զարգացումը։ Օրինակ, ձկների ձվադրավայր հանդիսացող գետերի վրա փոքր ծավալի հիդրոկայաններ, որոնք չգիտեմ որքանո՞վ են օգուտ բերում սեփականատերերին, բայց չեմ կարծում, որ Սևանի համար օգտակար են։ Խնդիրը պետք է լուծել մարդկանց հետ խոսելով, պայմանավորվելով և հիմնադրամի միջոցով նրանցից ուղղակի ետ գնելով ու ապամոնտաժելով»,-ընդգծել է Հանրապետության Նախագահը: Խորհրդակցությանը մասնակցող Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի (ՀՏԶՀ) գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանը զեկուցել է Հիմնադրամի առաջին բաղադրիչով մարզի համայնքներում նախատեսվող ներդրումների վերաբերյալ: Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, Գեղարքունիքի մարզպետին հանձնարարվել է՝ մարզի ռեկրեացիոն գրավչությունը բարձրացնելու համար հանրային լողափերի ընդլայնման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարի հետ համատեղ միջոցներ ձեռնարկել «Սևան ԱՊ» տարածքում հանրային լողափերի ստեղծման հաջողված նախաձեռնության շարունակական զարգացումն ապահովելու ուղղությամբ՝ շահառու համայնքների վարչական տարածքներում նոր հանրային լողափերի ստեղծման հնարավորությունների քննարկման հիման վրա համապատասխան առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը: Ոռոգելի հողատարածքների ավելացման, Մարտունիի տարածաշրջանի մի շարք համայնքների կայուն ջրամատակարարման ապահովման նպատակով ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ համատեղ ուսումնասիրել Արգիճի գետի վերին հոսանքում ջրամբար հիմնելու նախնական տեխնիկատնտեսական ցուցանիշները՝ ծրագրի իրագործելիության վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն: Ուսումնասիրել մարզում ջերմոցաշինության զարգացման համար անհրաժեշտ տարածքները՝ գույքագրման ընթացքում առաջնորդվելով անհրաժեշտ ենթակառուցվածքների ու համապատասխան աշխատուժի առաջարկներով՝ ամփոփման արդյունքները ներկայացնելով ՀՀ գյուղատնտեսության նախարարություն: Մարզի համայնքների աղբահանության և աղբավայրերի չկանոնակարգված օգտագործման հարցի լուծման նպատակով ՀՀ ՏԿԱԻ նախարարին հանձնարարվել է՝ շահագրգիռ կողմերի հետ համատեղ երկշաբաթյա ժամկետում քննարկել «Կոտայքի մարզի կոշտ թափոնների կառավարման համակարգ» ծրագրի իրականացման շրջանակներում Սևան քաղաքային համայնքի հետ մեկտեղ Գեղարքունիքի մարզի մյուս համայնքները ներգրավելու հնարավորությունը՝ վերոնշյալ ծրագրի իրագործելիության չափանիշների և ենթավարկային համաձայնագրերի կնքման սկզբունքների վերաբերյալ ՀՀ ֆինանսների նախարարի հետ համատեղ քննարկման արդյունքները ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը: Սևանա լճի մակարդակի բարձրացման հետևանքով ջրածածկ անտառաթփային տարածքների մաքրման և միաժամանակ անտառվերականգնման աշխատանքների իրականացման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարին հանձնարարվել է՝ միջոցներ ձեռնարկել անտառմաքրման աշխատանքներն առաջանցիկ տեմպերով իրականացնելու համար՝ դրանց և անտառվերականգնման աշխատանքների ֆինանսավորման նպատակով համապատասխան առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարություն: Սահմանամերձ խիստ խոցելի համայնքներում գյուղատնտեսական մթերքի վերամշակման արտադրական գործունեության խրախուսման նպատակով ՀՀ էկոնոմիկայի և ֆինանսների նախարարներին հանձնարարվել է՝ Ճամբարակ քաղաքը ներառել հարկային արտոնություններից օգտվող սահմանամերձ համայնքների ցանկում՝ համապատասխան փոփոխություններ նախաձեռնելով մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու վերաբերյալ 01.01.2015թ-ին ուժի մեջ մտած ՀՕ-156-Ն օրենքում և ՀՀ կառավարության 15.01.2015թ. թիվ 30-Ն որոշման ցանկում: Մարզային առողջապահական համակարգի արդիականացման և կառավարման բարելավման նպատակով ՀՀ առողջապահության նախարարին հանձնարարվել է՝ մարզպետի հետ համատեղ ուսումնասիրել ՀՀ Գեղարքունիքի մարզի առողջապահական համակարգի արդիականացման միջանկյալ արդյունքները՝ մարզային առողջապահական համակարգի հետագա բարելավման և Մարտունի քաղաքի բժշկական կենտրոնի արդիականացման վերաբերյալ հստակ առաջարկություններ ներկայացնելով ՀՀ կառավարության հաստատմանը: Ըստ առանձին համայնքների հանձնարարականներ են տրվել մարզի մի շարք կրթական, մշակութային, մարզական և այլ օբյեկտների հիմնանորոգման և շինարարության իրականացման վերաբերյալ: ՀՏԶՀ տնօրեն Ա.Կիրակոսյանին հանձնարարվել է՝ ձեռնարկել զեկույցի ընթացքում ներկայացված հրատապ ծրագրերի ցանկով նախատեսված ծրագրերի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման և շինարարական աշխատանքների մրցութային գնման գործընթաց՝ հնարավորինս նախապատվություն տալով տեղական կազմակերպություններին՝ պատշաճ որակի պահպանման նկատմամբ մշտական հսկողության սահմանմամբ: Հաշվի առնելով ՏԻՄ ներկայացրած առաջարկները՝ հետագա ծրագրերի կազմման ժամանակ նույնպիսի առաջնահերթություն տրամադրել համայնքների կրթական հաստատությունների և նախակրթարանների հրատապ նորոգման խնդիրներին: