Բավ է պառակտվել
29-12-2014 12:54

Սերգո Կարապետյանն այցելել է զորամաս և սահմանապահ Խաչիկ գյուղ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը երեկ այցելել է Վայոց ձորի մարզում տեղակայված ՀՀ ՊՆ ԶՈՒ N զորամաս և առաջնագիծ՝ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ սահմանին կանգնած զինվորներին անձամբ շնորհավորելու և ամանորյա նվերներ հանձնելու համար: 
ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անունից շնորհավորելով և շնորհակալություն հայտնելով այս տոնական օրերին իրենց ընտանիքներից հեռու մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողներին` Նախարար Սերգո Կարապետյանը խաղաղ ու անխռով ծառայություն, բարձր տրամադրություն, ամրակուռ կամք ու տոկունություն է մաղթել նրանց` մշտապես անառիկ պահելու մեր երկրի սահմանները դավադիր ոտնձգություններից և արիաբար դիմակայելու բոլոր դժվարություններին: 
«Մեր երկրի անվտանգությունն ու վաղվա օրը ձեր ձեռքերում են, դուք մեր հայրենիքի մշտարթուն պահապաններն եք, Հայոց հաղթանակած բանակի արժանի ժառանգորդները, ովքեր անհրաժեշտության դեպքում միշտ պատրաստ են ապացուցել, որ հայ զինվորի քաջարի ոգին ու միտքն անպարտելի են, ինչի համար երախտապարտ ենք ձեզ», – զինվորներին ուղղված իր խոսքում շեշտել է նախարարը: 
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի և գեներեալ-մայոր Անդրանիկ Մակարյանի ուղեկցությամբ շրջել է զորամասում, զրուցել զինվորների ու սպաների հետ, ծանոթացել նրանց կեցության պայմաններին: 
Նախարարը հանդիպում է ունեցել նաև սահմանապահ Խաչիկ գյուղի բնակիչների հետ, զրուցել նրանց հուզող խնդիրների շուրջ, նշել անցնող տարվա ընթացքում կատարված աշխատանքի արդյունքները ու 2015 թվականի ծրագրերը: Շնորհավորելով Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ` նախարարը մաղթել է նրանց խաղաղություն, բարօրություն ու բերքառատ տարի: