Բավ է պառակտվել
21-02-2014 13:42

Ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի անվամբ փողոց է կոչվել

Փետրվարի 20-ին, Լոռիի մարզի Սպիտակ քաղաքում մի խումբ ակտիվիստներ բողոքի ակցիա են իրականացրել՝ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի անվան փողոցը «վերանվանելով» Մայդանում զոհված ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի անունով:
Ակցիային մասնակցել են ակտիվիստներ Ալեն Սիմոնյանը, Արայիկ Հարությունյանը, Լենա Նազարյանը, Մարիամ Մարգարյանը:
Նրանք Ուկրաինայի նախագահի անունը կրող հրապարակում Յանուկովիչի անունով ցուցանակի վրա փակցրել են նոր ցուցանակ, ըստ որի այդ հրապարակն այսուհետ կոչվելու է Կիեւի Մայդանում իր իրավունքների համար մարտնչող, առաջին զոհ, մեր հայրենակից Սերգեյ Նիգոյանի անվամբ։
Ակցիայի մասնակիցները նշել են, որ անթույլատրելի է, որ Միլոշեւիչի, Չաուշեսկուի եւ շատ այլ բռնակալների հավակնություններ ունեցող գործիչ Յանուկովիչի անունով հրապարակ լինի ՀՀ տարածքում:
Հիշեցնենք, որ Սերգեյ Նիգոյանը զոհվել էր ուժային կառույցների եւ ցուցարարների հետ բախման արդյունքում: Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն Նիգոյանին համարել էր Եվրոմայդանի պայքարի խորհրդանիշը: