17-09-2014 10:08

1630 թվականի այս օրը հիմնադրվել է Բոստոնը

1630 թվականի սեպտեմբերի 17-ին Հյուսիսային Ամերիկայում բրիտանացի վերաբնակների կողմից հիմնադրվել է Բոստոնը: Այս մասին հայտնում է Calend.ru-ն: Քաղաքը կառուցվել է Հյուսիսային Ամերիկայի արևելյան ափին՝ Մասաչուսեթսի ծոցից ոչ հեռու: Վերաբնակներից շատերը ծագումով անգլիական Բոստոն քաղաքից էին, այդ իսկ պատճառով նրանց հիմնադրած ամերիկյան քաղաքը նույնպես կոչվել է Բոստոն:
Արդեն մի քանի տարի անց բնակավայրում նրանց կողմից բացվել են Ամերիկայում առաջին անգլալեզու դպրոցն ու քոլեջը՝ Հարվարդը: Մինչև 18-րդ դարի կեսերը Բոստոնը համարվել է Բրիտանական Ամերիկայի խոշորագույն քաղաքը և բնակիչների թվով գերազանցել հյուսիսամերիկյան գաղութների բոլոր քաղաքներին և ճանաչվել նրանց տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոն: 1812-ի պատերազմը սահմանափակել է քաղաքի արտաքին առևտրային գործունեությունը: 1970 թվականին այնտեղ նոր տնտեսական բում է սկսվել:
21-րդ դարի սկզբին քաղաքը վերադարձրել է ինտելեկտուալ, տեխնոլոգիական և քաղաքական կենտրոնի իր կարգավիճակը: Այսօր Բոստոնը Մասաչուսեթսի խոշորագույն քաղաքն է: Այն Նոր Անգլիա անվանումով տարածաշրջանի ոչ պաշտոնական մայրաքաղաքն է և ԱՄՆ-ի հնագույն ու հարուստ քաղաքներից մեկը: