31-08-2014 22:06

Աղքատ ընտանիքում սեպտեմբերի 1-ը տոն չէ, այլ ամոթի ու տխրության օր

՛՛ Սեպտեմբերի 1-ը շատ ու շատ ընտանիքներում տոն է, իսկ մեզ համար այն կարծես տխրություն նշանակի, անգամ պայուսակի գումար չունենք, երեխաներս արդեն հոգնել են սրա-նրա կոշիկները հագնելուց՛՛,- New.gisher.ru-ի հետ զրույցում արցունքն աչքերին պատմում էր տիկին Սվետան, ում երեխաները 4-րդ և 9-րդ դասարանի աշակերտներ են, սակայն ֆինանսական խնդիրներն այնքան շատ են, որ այսօրվա նորաձևությանը չեն կարողանում հետևել ու հագուստեղեն գնել:
Այսօր, տոնավաճառները հագեցած են տարբեր տեսակի դպրոցական հագուստներով, սակայն գինն էլ բավականին թանկ է, օրինակ՝ 7-րդ դասարանի աշակերտուհու դպրոցական շապիկը սկսվում է 6000 դրամից, իսկ տիկին Սվետայի նման աղքատ մայրերի համար այդ գումարը 6 օրվա հացի միջոց է...

՛՛ Դե ինչպես տեսնում եք ամուսին չունեմ, ունեմ, բայց չունենալու հաշիվ է, գնաց Ռուսաստան ու այլևս չեկավ, զարմանում եմ, ոնց կարար իրա անմեղ ու լույսի պես երեխեքին թողներ ու գնար: Ես տառապում եմ արդեն 7 տարի, մենակ պահում եմ երեխեքիս, ոտքերի խնդիր ունեմ, երկար չեմ կարողանում աշխատել, լացս գալիս է...՛՛,- տիկին Սվետան բավականին երկար ժամանակ լաց էր լինում և չէր կարողանում խոսել: Սրտում մեծ ցավ կար, կնոջ ցավ: Նա նշեց, որ սրտում կուտակված վիրավորանքը թույլ չի տալիս առողջ դատել ու պայքարել կյանքի և մի կտոր հացի համար: Դավաճանված կնոջ ցավն ուրիշ է, և ոչ մի սոցիալական խնդիր կամ քաղց չի կարող համեմատվել այն տվայտանքների հետ, որը կրում է սիրող կինը, կին, ում տղամարդը նախընտրելով ուրիշին, այլևս իր կողքին չէ:

՛՛ Ստիպված եմ մոռանալ նրան, այն մեծ սերը, որը տածում եմ ամուսնուս հանդեպ: Ախր այնքան էինք իրար սիրում, էլ չեմ հավատում սեր բառին, ես չլսեցի իմ հորը, նախընտրեցի նրան, ամուսնացա հետը, բայց ինձ լքեց, իմ սիրո դիմաց այդպես շնրհակալ եղավ: Անգամ չի մտածում, որ դպրոցի օրերը սկսվում են, ես խեղճ կնիկ եմ, որտեղից էտքան փող ճարեմ՛՛:

Մինչ տիկին Սվետան պատմում էր իր դաժան սիրո պատմությունը նրա 11-ամյա տղան ասաց, որ հորը կարոտել է, քանի որ իրեն միշտ կոնֆետ էր բերում, իսկ քնելուց հեքիաթ էր պատմում ու համբուրում:

Մեր այն հարցին, թե սեպտեմբերի 1-ին երեխաները ինչ են հանգնելու, տիկին Սվետան նշեց, որ իրենց երեք տարվա հագուստը, որը հորաքրոջ երեխաներինն է եղել. ՛՛ Ես հիմա հազիվ կարողանամ գրքերի գումարը տամ, ախր գոնե լավ սովորեն, որ ես ինձ լավ զգամ, մեծս ընդհանրապես չի սիրում սովորել, փոքրս գոնե օրվա դասերն անումա՛՛:

Ընտանիքի հիվանդ մայրը հացի փռում է աշխատում, փառք է տալիս Աստծուն, քանի որ իր տնօրենը բարի մարդ է, օրական 1-2 հաց է տալիս իրեն և 2000 դրամ. ՛՛ Ախր վատն այն է, որ այդ մարդու գործերն այլևս լավ չեն, մրցակիցները շատացել են, ինձ 2 օրը մեկ է աշխատանքի կանչում, այդ 2000 դրամով այլևս չեմ կարողանում գոյատևել՛՛:
Տիկին Սվետան ցանկացած խոսակցություն շրջանցում ու ամուսնուն էր հիշում, իհարկե ոչ թե քղցրությամբ, այլ մեղադրելով.՛՛ Ամեն բանի մեղավորը նա է, էլ ինչ տղամարդ, որ իր ընտանիքը թողնի ու փախնի, ախր կին արմատ եմ ու տղամարդու ուժի կարիք ունեմ, ես կմեռնեմ, բայց այյդպես էլ չեմ հասկանա, թե ինչու նա ՛՛քայլեց՛՛ մեր սիրո վրայով՛՛:


Մինչ ՛՛լքված՛՛ կինը խոսում էր սիրուց և ամուսնուց, նրա երեխաներն անկախ ամեն բանից բավականին ոգևորված դասավորում էին իրենց հին ու բարեկամների տված հագուստներն ու տետրերը, իսկ 11-ամյա Արմենը շատ էր տխրել, որ իր ընկերոջ ՛՛ծիծակ՛՛ կոշիկներից չի կարող հագնել, այլ դասական ու սև տաբատի հետ ստիպված է հին սպորտային կոշիկ կրել. ՛՛ Մա՛մ, այ մաա՛մ, ախր Դավոն նենց ընտիր կոշիկա առել իրան, ես արդեն ամաչում եմ ես բոթասից՛՛,- ի պատասխան տղայի հորդորին տիկին Սվետան ասաց,-՛՛Ամաչում ես, գնա հորդ գտի ու ասա, որ մաման էլ չի կարում ապրի, թող քո համար ծիծակ կոշիկ առնի՛՛: