Բավ է պառակտվել
18-04-2016 14:19

Զոհված զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է ավելի քան 4 մլն դրամ

Զոհված զինծառայողների ընտանիքներին հուղարկավորության ծախսերի համար տրամադրվում է 700 000 դրամ և 1,4 մլն դրամ` տապանաքարի ծախսերի համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ՊՆ իրավաբան Մարտին Մկրտչյանը:

«Զոհված և մահացած զինծառայողների ընտանիքներին տրամադրվում է նաև միանվագ 2 մլն դրամ` որպես ապահովագրական վճար»,- ասաց Մարտին Մկրտչյանը:

ՊՆ իրավաբանի խոսքով` զոհվածների ընտանիքները նաեւ հնարավորություն կունենան անվճար բուժօգնություն ստանալ, ինչպես նաեւ ամսական երեսուն հազար դրամ կենսաթոշակ:

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանի խոսքով էլ` եթե զոհված զինծառայողը սպայական կազմից էր ու ուներ օրինակ երկու անչափահաս երեխա, նրա ընտանիքը կստանա միջինն ամսական 180 000 դրամ պարգեւավճար: Ժամկետային զինծառայողների ծնողներն ամսական իննսուն հազար կստանան, եթե թոշակառուներ են: Հակառակ դեպքում ընտանիքը կստանա ընդամենը 30 000 դրամ: Մարտական գործողությունների հետեւանքով հաշմանդամություն ստացած անձը նույնպես ստանում է թոշակ. եթե սպա է, ապա միջինը 50 000 դրամ, իսկ եթե պարտադիր ժամկետային զինծառայող է ապա կամ 18 000-38 000 դրամ` կախված հաշմանդամության կարգից է:

«Օրինակ՝ եթե առաջին կարգի հաշմանդամ է սպան, ապա նա ընդհանուր առմամբ կստանա 110 000 դրամ` հաշվի առնելով կենսաթոշակն ու պարգեւավճարը. Եթե ժամկետային է, ապա շուրջ 90 000 դրամ»,- ասաց Սաիյանը:

Նշենք, որ չորսօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքներին օգնելու համար բացվել են հաշվեհամարներ: