Բավ է պառակտվել
29-07-2016 11:18

Մոնթե Մելքոնյանի ընտանիքը կոչ է արել նախագահին ազատ արձակել Ալեք Ենիգոմշյանին

Հայաստանի ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի ընտանիքը կոչ է արել ազատ արձակել «Հիմնադիր խորհրդարանի» ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանին, ով նախօրեին ձերբակալվել է ՊՊԾ գունդը զավթելուն օժանդակելու համար։

Մոնթե Մելքոնյանի ընտանիքը նամակ է հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` Ալեք Ենիգոմշյանին ազատելու կոչով, հայտնում է shamshyan.com-ը։

«Հարգելի պարոն Սերժ Սարգսյան, խորին մտահոգությամբ մենք տեղեկացանք, որ հուլիսի 27-ին Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել է մեծ հայրենասեր Արա Ալեք Ենիգոմշյանին։ Պարոն Ենիգոմշյանը տասնամյակներ շարունակ ներգրավված է եղել Հայաստանում բարեգործական աշխատանքներում և արել է ամեն ինչ երկրի բարելավման համար, երկիր, որը նա սիրում է ամեն ինչից առավել»,– ասվում է նամակում։

Ենիգոմշյանը կասկածվում է 38-219 հոդվածի 3–րդ մասի 1–ին կետով նախատեսված (Կազմակերպված խմբի կողմից զենքի կիրառմամբ, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով) արարքի` ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության (ՊՊԾ) գնդի շենքը զավթելուն օժանդակելու համար։

Նամակում ասվում է, որ Ենիգոմշյանն իր կյանքը նվիրել է Հայաստանի բարօրության համար և նա եղել է ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի նախկին զինակից ընկերը, ամենամոտ և վստահելի ընկերներից մեկը։ Ընդգծվում է նաև, որ, չնայած հայրենասիրական գործողությունների ժամանակ ֆիզիկապես տուժելուն, Ալեքը շարունակում է աշխատել Հայաստանը լավը դարձնելու համար։

«Մենք շատերի հետ միասին բարձրացնում ենք մեր ձայնը և խնդրում ենք, որ նա անմիջապես ազատ արձակվի ոստիկանական բանտարկությունից»,– նշվում է Մելքոնյան ընտանիքի նամակում։