Բավ է պառակտվել
15-10-2016 09:28

Վթարված ավտոբուսից զոհված ՌԴ քաղաքացիների ընտանիքները նյութական օգնություն կստանան

Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը կարգադրել է նյութական օգնություն հատկացնել Հյուսիսային Օսեթիայում Մոսկվա-Երեւան ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին։

«Պաշտոնական այցով Երեւանում գտնվող Ռոստովի նահանգապետ Վասիլի Գոլուբեւը ցավակցել է զոհվածների ընտանիքներին, նաեւ շուտափույթ ապաքինում մաղթել տուժածներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նահանգապետը կարգադրել է շրջանային բյուջեի պահուստային հիմնադրամից միջոցներ հատկացնել վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին նյութական օգնություն վճարելու համար։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ի առավոտյան ժամը 04.30-ի սահմանում, ՌԴ տարածքում` Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհին Մոսկվա-Երեւան երթուղու «Մերսեդես Բենց-0404-15R» մակնիշի 50 AA 515 համարանիշի ավտոբուսը բախվել է «Սկանիա» բեռնատարին: Ավտովթարից տուժել է 27 մարդ, մահացել է 5-ը, այդ թվում վարորդը: Մահացածներից 2-ը ՀՀ քաղաքացիներ են, 3-ը՝ ՌԴ-ի: Մարմնական վնասվածք է ստացել 27 մարդ, այդ թվում հինգ երեխա։

ԱԻՆ Հարավային տարածաշրջանային կենտրոնի տեղեկություններով վթարի հետեւանքով տուժել են Կրասնի Սուլին ու Կամենսկ- Շախտինսկի ռոստովյան քաղաքների յոթ բնակիչներ։ Նրանք Երեւան էին գնում՝ կարատեի մրցույթին մասնակցելու։ Երկու մեծահասակ ու մի երեխա զոհվել է, չորս երեխա տեղափոխվել Վլադիկավկազի շտապ օգնության հանրապետական կլինիկական հիվանդանոց։