Բավ է պառակտվել
06-11-2015 11:01

Ավտոբուսի վթարի 7 ուղևոր դուրս է գրվել հիվանդանոցից

Տուլայում հայկական ավտոբուսի վթարից տուժած 7 ուղեւորները, որոնք նախօրեին երեկոյան տեղափոխվել էին Երեւան, այսօր դուրս են գրվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից: Հիվանդանոցում շարունակում են մնալ 3 ուղեւոր: Հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքի վարիչ Սամվել Կարապետյանը մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է, որ վիրավորներից մեկը՝ Նարինե Երեմիշյանը, ունի ողնաշարի եւ կրծքավանդակի սալջարդ ցավային ախտանիշով: Կինն այս պահին հետազոտվում է եւ ամենայն հավանականությամբ երկար բուժում կստանա: «Հիվանդանոցում են մնացել նաեւ երկու տղամարդ, նրանցից մեկին կրկին կվիրահատեն»,- ասաց Սամվել Կարապետյանը: Հիշեցնենք, որ առավել ծանր վիրավորները՝ 12 ուղեւոր, մնացել են Տուլայի շրջանային հիվանդանոցում: Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի խոսքով՝ նրանց տեղափոխումը Հայաստան այս պահին ռիսկային է: