Բավ է պառակտվել
19-01-2016 11:19

Այսօր լրանում է Դինքին սպանության 9-րդ տարելիցը

Այսօր պոլսահայ լրագրող, Թուրքիայում հայերենով և թուրքերենով տպագրվող միակ շաբաթաթերթի՝«Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքի մահվան 9-րդ տարելիցն է։  
2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօսի» խմբագրատան առաջ սպանվեց իրեն ուղղված սպառնալիքի պատճառով իրեն աղավնու հետ համեմատող հայ խմբագիրը, ով, սակայն, կարծում էր, թե Թուրքիայում աղավնիներին չեն սպանում... 
Սպանությունը կատարելու կասկածանքով կարճ ժամանակ անց ձերբակալվեց 17-ամյա Օգյուն Սամասթը: Չնայած Դինքի սպանությանը հաջորդած բողոքի զանգվածային ակցիաներին՝ թուրքական ոստիկանությունում Սամասթին հերոսի պես ընդունեցին: Ձերբակալությունից կարճ ժամանակ անց համացանցում հայտնվեցին լուսանկարներ, որում ոստիկանները թուրքական դրոշի ֆոնին նկարվում էին մարդասպանի հետ: 
Սպանությունից առաջ Դինքը պարբերաբար խոսել էր իրեն հասցեագրված սպառնալիքների մասին, սակայն թուրքական պատկան մարմինները չէին ձեռնարկել ոճրագործությունը կանխելու միջոցներ։ 
Ավելին, Դինքի սպանության գործով վերջին քննության ընթացքում պարզվել էր, որ ոստիկանությունն ու հետախուզությունը տեղյակ են եղել պատրաստվող սպանության մասին: Մարդասպան Սամասթին մինչ սպանության պահն անգամ քաղաքացիական հագուստով ոստիկաններ էին հետևել; Մարդասպան Օգյուն Սամասթը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման, իսկ սպանության պատվիրատուներից Յասին Հայալը՝ ցմահ ազատազրկման: Դինքի գործով քննությունն այսօր՝ սպանությունից 9 տարի անց էլ շարունակվում է: Ոստիկանության, հետախուզության ու ժանդարմերիայի բազմաթիվ նախկին պաշտոնյաներ Դինքի գործով դատարանի առաջ կկանգնեն: Անցյալ տարի Դինքի հիշատակին նվիրված հայտարարությամբ առաջին անգամ հանդես էր եկել Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն: «Դինքի ընտանիքին և նրան սիրողներին համբերություն եմ մաղթում: Դինքն Անատոլիայի համար թանկ մտավորական էր, որը ցանկանում էր հայերի և թուրքերի համար ընդհանուր ճանապարհ կառուցել: Այդ համատեքստում ցանկանում եմ դիմել հայ-թուրքական բարեկամությանը հավատացող յուրաքանչյուրին՝ հրավիրում եմ նոր սկզբի համար ներդրում ունենալու և դիմում եմ բոլոր հայերին»,- ասել էր Դավութօղլուն: Այս օրերին Թուրքիայում Դինքի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվում: Այսօր հայազգի լրագրողի հիշատակը կհարգեն նաև Ստամբուլում: Հիմնական միջոցառումը, ինչպես միշտ, տեղի կունենա «Ակօս»-ի խմբագրատան մոտ: Թուրքիայի ոստիկանությունը երեկ արդեն հաղորդագրություն է տարածել, հայտնելով, որ Դինքի հիշատակի միջոցառման կապակցությամբ Ստամբուլի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի: