Բավ է պառակտվել
05-03-2015 10:29

Այսօր Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է

«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած. այսօրվա եղած կերպարը դա է: Ինձնից վախենում են: Իրենց համար արջի կերպար են ստեղծել ու իրար վախեցնում են»:
Վազգեն Սարգսյան, հայ հասարակական-քաղաքական և ռազմական գործիչ, ՀՀ վարչապետ (1999-ի հունիսի 11-ից), պաշտպանության նախարար, «Միասնություն» դաշինքի համանախագահ, ՀՀ Ազգային հերոս, Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» շքանշանի ասպետ, արձակագիր։
Վազգեն Սարգսյանը ծնվել է Արարատ գյուղում։ Գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո ընդունվել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը (1976-1980)։ 1979-1983 թվականները աշխատել է ֆիզկուլտուրայի ուսուցիչ իր հարազատ Արարատ գյուղի միջնակարգ դպրոցում։ 1983-1986 թվականներին եղել է Արարատի ցեմենտի գործարանի կոմերիտմիության քարտուղարը։ Աշխատակցել է «Գարուն» ամսագրին՝ որպես հրապարակախոսության բաժնի վարիչ (1986-1989 թվականներին)։ 1987 թվականին «Հացի փորձություն» գրքի համար արժանացել է Հայաստանի լենինյան կոմերիտմիության մրցանակին։
1990-1992-ին «Երկրապահ» կամավորական ջոկատների հրամանատարն էր և Գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ։ 1991-1992 թվականներին՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար։ 1992-1993 թվականներին՝ ՀՀ նախագահ խորհրդական պաշտպանության հարցերի գծով, ՀՀ սահմանամերձ գոտիներում ՀՀ նախագահի հատուկ ներկայացուցիչ։ 1993 թվականից՝ «Երկրապահ» կամավորական միության նախագահ, 1993-1995 թվականներին՝ ՀՀ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի գծով պետնախարար, 1995-1999 թվականներին՝ ՀՀ պաշտպանության նախարար։ 1999 թվականի հունիսից Հայաստանի Հանրապետության վարչապետն էր։
Սպանվել է 1999-ի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած ահաբեկչական գործողության ժամանակ:
Վազգեն Սարգսյանը 1999 թվականին հետմահու արժանացել է ՀՀ ազգային հերոս կոչմանը։