Բավ է պառակտվել
11-02-2017 14:33

Այսօր Սբ. Սարգսի տոնն է՝ հայ առաքելական եկեղեցու տոնացույցով բոլոր սիրահարների օրը

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Սարգիս զորավարի տոնը:Գարեգին Բ հայրապետի տնօրինությամբ Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր:
Ս. Սարգիս զորավարը հայ ամենասիրված սրբերից է: Իր որդու՝ Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:
Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ՝ Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից, նա իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդել է մեհյանները և կառուցել եկեղեցիներ ու տարածել է քրիստոնեությունը:
Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան' Մեծն Տրդատի թոռը' Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ: Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար:
Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել: Զորավարն անմիջապես մերժում է այն՝ ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված՝ Ամենասուրբ Երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»: Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա:
Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին՝ Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ՝ գլխատվում: Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում: Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:
Հայերի համար Սբ. Սարգիսը ամենասիրելի սրբերից է: Սբ. Մեսրոպ Մաշտոցը հենց այնպես չէ նրա մասունքները Կարբի-Ուշի տեղափոխել (Աշտարակի շրջան), որտեղ հետագայում կառուցվել է սրբի անվան եկեղեցին: Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով, որը մեզանում նվիրական ավանդություն է: Ս. Սարգիս զորավարը երիտասարդների արագահաս բարեխոսն է: Նրա միջնորդությամբ հրաշքներ են տեղի ունենում: Այդ օրը երիտասարդներն աղոթում են Սրբին, որ իրենց աղոթքները հասցնի առ Աստված: Ս. Սարգիսը սիրո երազանքն իրականցնող Սուրբ է:
Սուրբ Սարգսի մասին շատ ավանդություններ կան, որոնցից մեկը հետևյալն է.
Աղքատ Աշուղ Ղարիբը սիրում է մի մեծահարուստի աղջկա՝ Շահ-Սանամին: Վերջինս նույնպես սիրում է նրան, բայց Աշուղն աղքատ էր, և աղջկա հայրը արգելում է նրանց ամուսնանալ, քանի որ մտադրված էր նրան կնության տալ մի մեծահարուստի: Աշուղ Ղարիբը որոշում է մեծ կարողություն կուտակելու համար գնալ օտարություն` աշխատելու: Սակայն մինչ այդ Աշուղ Ղարիբն իր սիրած էակից խոստում է առնում` յոթ տարի սպասել իրեն: Պայման է դնում, որ եթե ուշանա անգամ մեկ օր, աղջիկը թող ամուսնանա հոր ցանկությամբ: Այդ յոթ տարիները շատ դժվար են անցնում Աշուղ Ղարիբի համար: Նա զրկված էր իր գեղեցկուհուն տեսնելու հնարավորությունից, որևէ լուր չուներ նրա մասին, սակայն չէր հուսահատվում, այլ կարոտով սպասում էր այն օրվան, երբ նրանք կհանդիպեն, ընտանիք կկազմեն և ամբողջ կյանքը կապրեն միասին: Յոթ տարի շարունակ գիշեր ու զօր աշխատելով` Աշուղ Ղարիբը կարողություն ստեղծեց և տուն վերադարձավ: Ճանապարհը լի էր փորձանքերով և խոչընդոտներով: Թվում էր, թե Աշուղ Ղարիբն իր հույսը պետք է կորցնի, չի հասնի իր սիրած էակին: Այդ ամենից դրդված՝ նա ազնիվ սրտով եւ արդար մտքով աղոթում է Ս. Սարգսին` հայցելով արագահաս Սրբի օգնությունը: Ս. Սարգիսը, լսելով սիրահարված Աշուղի աղոթքը, իր արագահաս ճերմակ նժույգով բարձրացրած մրրիկի մեջ իսկույն հայտնվում է, Աշուղ Ղարիբին նստեցնում ձիու գավակին և մեկ ակնթարթում հասցնում Շահ-Սանամեի մոտ: Աղջկա հայրը տեսնելով Աշուղ Ղարիբի կամքը, կատարված հրաշքը, նրանց անկեղծ սերն ու նվիրվածությունը, օրհնում է երկուսի միությունը:
Սբ. Սարգսի տոնին նախորդում է Սբ. Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է 5 օր: Սբ. Սարգսի տոնի նախորդ գիշերը աղի բլիթ են ուտում, ինից հետո ոչինչ ո՛չ ուտում են, ո՛չ խմում և երազում հայտնության են սպասում, որպեսզի իմանան, թե ում ինչ հարսնացու կամ փեսացու է նախատեսված: Այդ օրվա հետ կապված կա ևս մի ավանդույթ. փոխինդով մատուցարանը դնում են տան տանիքին կամ պատշգամբին և սպասում Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը: Սիրահարված երիտասարդները տոնի առթիվ միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում:
Տոնին Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Ս. Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ: