24-01-2014 17:56

ՍԴ-ն բավարարել է ԱԺ 4 խմբակցությունների և ՛՛Դեմ եմ՛՛ նախաձեռնության միջնորդությունը

 Քիչ առաջ Սահմանադրական դատարանը բավարարել է ԱԺ 4 խմբակցությունների և «Դ!եմ եմ» նախաձեռնության միջնորդությունը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի որոշ հոդվածների կիրարկումը ժամանակավորապես կասեցնելու վերաբերյալ։

Այս մասին հայտնում է ՍԴ մամլո քարտուղար Հովհաննես Պապիկյանը: 

«ՀՀ սահմանադրական դատարանը 2014 թվականի հունվարի 24-ին աշխատակարգային նիստում որոշել է մինչև «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 5, 7, 8, 37, 38, 45, 49 եւ 86-րդ հոդվածների սահմանադրականության վերաբերյալ» գործի դատաքննության ավարտը կասեցնել «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունը:

«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի հիման վրա որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Սահմանադրական դատարանի որոշմանն ամբողջությամբ /այդ թվում` պատճառաբանական մասին/ կարելի է ծանոթանալ դատարանի պաշտոնական կայքում: Հիշյալ գործով դատաքննությունը կայանալու է 2014 թվականի մարտի 28-ին` բանավոր ընթացակարգով»:

Նշենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի կասեցված 76-րդ հոդվածը վերաբերում է պատասխանատվությունը՝ պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար։ Իսկ 86–րդ հոդվածի 3-րդ մասում ասվում է. «Պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցները մինչև 2014 թվականի հունվարի 1-ը պետք է սույն օրենքով նախատեսված կարգով կատարեն կենսաթոշակային ֆոնդի և կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրություն, այլապես ընտրությունը կատարվում է սույն օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 39-րդ հոդվածով սահմանված կարգով»:

Հիշեցնենք, որ ԱԺ ոչ իշխանական 4 ուժեր դիմել էին Սահմանադրական դատարան՝ վիճարկելով օրենքի որոշ դրույթների սահմանադրականությունը։ Նախաձեռնությունը և 4 ուժերը նաև միջնորդություն էին ներկայացրել՝ մինչև այդ հարցի քննումը կասեցնել օրենքի պարտադիր դրույթի կիրառումը։ 

Նշենք, որ այս օրենքով՝ 2014թ. հունվարի 1-ից սկսած 1974թ. հունվարի 1-ից հետո ծնված անձինք կստանան մոտ 5-10% պակաս աշխատավարձ: Այս գումարները պարտադիր կերպով կգանձվեն աշխատավարձերից, կփոխանցվեն կուտակային ֆոնդերին և որոշակի հավելումներով, տարիներ անց կտրամադրվեն որպես կենսաթոշակ: Օրենքը դժգոհություններ է առաջացրել հասարակության որոշ շերտերում։