Բավ է պառակտվել
23-07-2016 16:46

«Սասնա ծռեր» զինված խումբը չի հանձնվելու. Վարուժան Ավետիսյան

Մեր հանձնվելու մասին տեղեկությունները կեղծ են. ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում այսօր վերջին պատանդներին բաց թողնելուց հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Վարուժան Ավետիսյանը:

«Շատ ուրախ եմ, որ վերջապես հանդիպեցինք, նախապես մի քանի տեղեկություններ հայտնեմ, հետո կանցնեմ կարևորների: Տեղեկություններ ունեմ, որ ինչ-որ լուրեր են տարածվել, թե «Սասնա ծռերը» ասուլիսը սկսելու են հանձնվելու մասին հայտարարությամբ: Մենք զինված ապստամբություն ենք բարձրացրել մեր երկրին ազատագրելու առաքելությամբ: Դա ենթադրում է ժողովրդի ընդվզումը, որը պայմանավորված է մի շարք գործոններով: Նաև լուրեր տարածվեցին, թե ես չեմ հաստատել վերջին երկու ոստիկաններին ազատ արձակելու մասին լուրը: Ես հաստատել եմ այդ լուրը լրագրողների հետ մամուլի կետը տեղակայելու համար»,-ասաց նա:
Նշենք, նաև որ նախքան ասուլիսի մեկնարկը «Սասնա ծռեր» խմբի անդամներից մեկը ներսում գտնվող ցանկապատից այս կողմ գտնվող ոստիկաններին հորդորեց չանցնել սահմանը և պահանջեց ուղիղ կապ ապահովել ասուլիսի համար՝ հայտարարելով, որ խախտվում է պայմանավորվածությունը: Բացի այդ, նա ասաց, որ իրենց պահանջն է ազատ արձակել Ժիրայր Սեֆիլյանին և բոլոր քաղբանտարկյալներին:
Չնայած ուղիղ կապի չապահովմանը՝ Վարուժան Ավետիսյանը սկսեց ասուլիսը, որը այս պահին դեռևս շարունակվում է: