Բավ է պառակտվել
03-12-2015 13:42

Նախագահը շնորհակալություն է հայտնել ԱԱԾ–ին և ոստիկանությանը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ազգային անվտանգության ծառայությանն ու ոստիկանությանը Երևանում հանցախմբի վնասազերծման համար։ « Իհարկե՛, նախաքննության հետ կապված որևէ բան ես չեմ հրապարակի, որովհետև դրա իրավունքը չունեմ: Ինչ վերաբերում է օպերատիվ գործողությանը, ապա այն իրականացվել է շատ բարձր մակարդակով: Սկսած այն պահից, երբ այդ մարդիկ հայտնվել են Ազգային անվտանգության ծառայության տեսադաշտում, ընդհուպ մինչև վնասազերծման պահը», – ասել է նախագահ մի շարք հայկական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ։ Նրա խոսքով` հարկավոր է շնորհակալություն հայտնել Ազգային անվտանգության ծառայությանը, նրա աշխատակիցներին և ոստիկանությանն այդ ողբերգությունը կանխելու համար։ Նախագահը բոլորի ուշադրությունը հրավիրել է բոլոր այն մարդկանց վրա, ովքեր փորձում են թերագնահատել հատուկ ծառայությունների իրականացրած աշխատանքը: «Այդ մարդկանց կեցավայրից, նրանց վարձակալած բնակարանից ինչեր ասես, որ չեն հայտնաբերել... Եվ Ազգային անվտանգության ծառայությունն ամբողջական ցանկը տվեց: Պատկերացնու՞մ եք՝ մեկ միլիոնանոց քաղաքում օգտագործվի քառասուն հատ նռնակ, գործեն տասնմեկ ավտոմատ, պայթուցիկ նյութեր: Քո կարծիքով Եգիպտոսից Ռուսաստան թռչող ինքնաթիռն ի՞նչ է, ատոմային ռումբո՞վ են կործանել», – ասել է Սարգսյանը։ Նախագահի կարծիքով` այդ նողկալի լուրերը տարածում են այն մարդիկ, ովքեր ափսոսացել են, որ այդ խումբը վնասազերծվել է։ «Նրանք շատ երջանիկ կլինեին եթե խումբը գործեր, մեր երկրում նոր հոկտեմբերի 27 կամ ավելի քիչ ծանր, կամ առավել ծանր դեպքեր տեղի ունենան, և իրենք ուրախ կլինեին», – նշել է նախագահը։ Նրա խոսքով` այդ մարդիկ կարող էին սպասել քննության և դատական գործընթացի լիարժեք ավարտին, ու եթե դատարանում պարզվի, որ ապացույցներ չկան, թող այդ դեպքում մեղադրեն ԱԱԾ–ին։ «Իհարկե, վստահ եմ, որ այդ մարդիկ փոքրամասնություն են մեր հասարակության մեջ: Ես, համենայնդեպս, շաբաթ օրը եղել եմ հանրապետության երկու մարզերում, շփվել եմ շատ մարդկանց հետ և այդ մարդիկ ուղղակի ասում են՝ շնորհակալություն հայտնեք Ազգային անվտանգության ծառայությանը և ոստիկանությանը», – ասել է նախագահը։ «Հասկանու՞մ եք, եթե հնարավոր լիներ կանխել այդպիսի գործողությունները, աշխարհը շատ ավելի լավը կլիներ: Մեր պարագայում՝ մենք կարողացել ենք կանխել: Ընդհանրապես, կանխարգելիչ աշխատանքը չի գնահատվում ամբողջ աշխարհում և, մասնավորապես, մեր երկրում», – ավելացրել է նա։