Բավ է պառակտվել
21-09-2016 14:41

ՀՀ-ի սահմանները հսկող հայ զինվորները մեր ազատության թիվ մեկ երաշխավորն են. Սարգսյան

Հայաստանի սահմաններն աչալուրջ հսկող հայ զինվորները մեր ազատության թիվ մեկ երաշխավորն են, ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ընթացքում իր ելույթի ժամանակ:

«Կեցցե՛ն Հայաստանի սահմաններն աչալուրջ հսկող մեր տղաները. նրանք մեր ազատության թիվ մեկ երաշխավորն են: Փա՛ռք Արցախյան ազատամարտը կերտած անմահ հերոսներին և մեր բոլոր քաջարի տղաներին: Փա՛ռք ապրիլյան մեր կորյուններին, որ հօդս ցնդեցրին հակառակորդի բոլոր ծրագրերը», - ասել է Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ ամիսներ առաջ հետախույզ-գնդացրորդ Սասուն Մկրտչյանի շիրիմի առաջ մեր բոլորի անունից խոստացա, որ շարունակելու ենք Սասունի և իր ընկերների սուրբ գործը, միշտ վառ ենք պահելու Արցախի և Հայաստանի նոր սերնդից ճառագող այն լույսը, որ «ապրիլյան օրերին բոլորիս դարձրել էր միասնական. միասնական մեկ բռունցք՝ պատրաստ իջնելու մեր անվտանգությանը սպառնացող ոսոխի գլխին»:

«Մենք մեր խոստումը պահելու ենք: Վկան այս զորահանդեսն է», - ասել է Սարգսյանը:
Չորեքաբթի՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է Անկախության 25-ամյակը:

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։