21-09-2016 13:19

ՀՀ-ն պետք է բազմապատկի իր հաջողությունները 25 տարվա անկախության ընթացքում. Սարգսյան

Հայաստանն անցած 25 տարիների ընթացքում անշրջելի հաջողություններ է արձանագրել և ձեռքբերումները պետք է բազմապատկվեն սեփական աշխատանքով և պաշտպանվի սեփական ուժերով, չորեքշաբթի ասաց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Հայաստանի անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ընթացքում իր ելույթի ժամանակ:

Նախագահն ընդգծեց, որ քառորդ դար առաջ այս օրը Հայաստանը կատարեց իր ընտրությունը հանրաքվեի թերթիկներով, բայց որ սրտի խորքում և հայ ժողովրդի հավաքական հիշողության մեջ այդ ընտրությունը վաղուց էր կատարել:

«Մենք ընտրել ենք ազատությունը դեռ Հայկ Նահապետի ժամանակ: Մենք հավատարիմ ենք այդ ընտրությանը, որ դեռևս նետուաղեղի ժամանակներում ենք կատարել: Այսօր` 21-րդ դարում զենքերը փոխվել են, բայց չենք փոխվել մենք՝ սեփական ազատությունը պաշտպանելու մեր վճռականությամբ:
Վկան այս զորահանդեսն է»,- ասաց Սարգսյանը:

Նա նշեց, որ իդեալական աշխարհում իրավունքն է, որ պետք է ծնի ուժ: Բայց այսօրվա աշխարհն ու մեր շրջապատը հեռու են իդեալական լինելուց: Դեռ կան հանգամանքներ, երբ ուժն է ծնում իրավունք:
Պետության ղեկավարն ընդգծեց, որ Ազատությունն ու անկախությունը պաշտպանության կարիք ունեն ոչ միայն արտաքին սպառնալիքներից: Հայաստանի քաղաքացիները ևս պետք է ազատ լինեն, որովհետև ազատ մարդն ու ազատ հասարակությունն անհամեմատ ավելի արդյունավետ են գործում:

Նախագահը նշեց արդյունավետ երկիր կառուցելու շարունակությունը, որը կպաշտպանի ազատ քաղաքացուն և ազատ հասարակությանը: Անազատ մարդիկ տեսականորեն կարող են ստեղծել շատ բան, բայց ոչ երջանկություն:

«Անցած 25 տարիների ընթացքում մենք անշրջելի հաջողություններ ենք արձանագրել: Երբեմն սխալվել ենք, երբեմն՝ ծայրահեղությունների մեջ հայտնվել, բայց, մեծ հաշվով, ճիշտ ուղիով ենք շարժվել: Մենք կառուցում ենք մեր երջանկությունը խաղաղ և ստեղծագործ արարման ճանապարհով: Իսկ առաջ շարժվելու մեր բանաձևը շատ պարզ է՝ աշխատանք, աշխատանք և աշխատանք: Մենք մեր ձեռքբերումները պետք է բազմապատկենք մե՛ր աշխատանքով և պաշտպանենք մե՛ր ուժերով»,- ասաց Սարգսյանը:

Նախագահը ողջունեց բոլոր հայերին, փառավորեց Հայաստանի նոր արժեքը կերտող բնակիչներին, Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը, ընդգծելով, որ միասին դա շատ ավելին է, քան հնարավոր է պատկերացնել:

Նա նաև շնորհավորեց Հայաստանի ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին, ովքեր հավասարապես մասնակցում են երկրի զարգացման և պաշտպանության առաջխաղացմանը:

«Կեցցե՛ հայ ավանդական ընտանիքը, որ ժամանակի բոլոր հոսանքներից անդին շարունակում է մնալ հերոսներ կերտող և ուսումնատենչ սերունդ մեծացնող ջերմության աղբյուր: Կրկին շնորհավորում եմ բոլորիս և ողջ հայությանը Հայաստանի պետականության վերականգնման քառորդդարյա հոբելյանի առթիվ»,- ասաց Սարգսյանը:

Չորեքաբթի՝ սեպտեմբերի 21-ին, Հայաստանը նշում է Անկախության 25-ամյակը:

Հայաստանի Գերագույն խորհրդի որոշմամբ, 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվե անցկացվեց՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու և անկախ պետականություն հաստատելու վերաբերյալ։

Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 99%-ը կողմ էր քվեարկել: Երկու օր անց հանրապետության Գերագույն Խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ, ինքնիշխան հանրապետություն։