24-01-2014 12:22

ՙԱդրբեջանը պատերազմի չի գնա, բայց նման իրավիճակը ձեռնտու է». Ս. Ասատրյան

 Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանն համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտման դեպքերն ու դիվերսիոն գործողություններն ուղղակի կապ ունեն այսօր սպասվող ԱԳ նախարարների հանդիպման հետ. «Ցանկացած կարևոր հանդիպումից առաջ, Ադրբեջանի ԶՈւ–ը դիմում են նման գործողությունների։ Իսկ սա ենթադրում է, որ այսպիսով Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել Հայաստանի վրա»,-ասաց նա:
Բուն ռազմական հարձակումից զատ, ադրբեջանագետը ուշադրություն հրավիրեց նաև Ադրբեջանի կողմից տեղեկատվական հարձակմանը։ «Լրատվական դաշտում ևս նկատվում է հարձակվում։ Դիվերսիայից հետո նրանց լրատվամիջոցները հայտարարում են, թե նման բան չկա, ապատեղեկատվություն է, նոր միայն մի քանի օր հետո հայտարարում են, թե հայկական կողմն է խախտել հրադադարի ռեժիմը»,-նշեց Ս. Ասատրյանը:
Ըստ Սարգիս Ասատրյանի, սահմանում լարված իրավիճակը հնարավոր է շարունակվի նաև այսօր, հանդիպումից առաջ, բայց դա Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու ցանկության մասին չէ որ խոսում է:
«Ադրբեջանի իշխանություններն, իհարկե, պատերազմական գործողությունների չեն գնա, բայց նման իրավիճակը ձեռք է տալիս»,-ասաց նա։
Անրադառնալով տեսակետներին, թե նախորդած դիվերսիայի պատճառով ՀՀ ԱԳ նախարարը պետք է հրաժարվի Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպումից, ադրբեջանագետն ասաց, որ այդպես չի կարծում, քանի որ բոլոր առիթները պետք է օգտագործել։
Իսկ Մինսկի խմբի համանախագահների պասիվ արձագանքը նա բացասական համարեց և նշեց, թե մեր դիվանագիտական կողմը պետք է ավելի ակտիվ աշխատի այս ուղղությամբ և պահանջի գործի քննություն։