Բավ է պառակտվել
03-07-2017 13:16

Կեղծ վկայականներ տրամադրելու համար պատիժը խիստ է լինելու. ԿԳՆ

Հայաստանում կեղծ վկայականներ տրամադրելու համար պատիժը խիստ է լինելու, այս մասին երկուշաբթի օրը լրագրողներին ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ երկրի մասնավոր բուհերի կողմից կեղծ վկայական է տրվել 20 քաղաքացու, որոնցից երկուսը Հայաստանի քաղաքացի են, մեկը Իրանի, ութը ԱՄՆ-ի, երկուսը Ռուսաստանի, մեկը Ուզբեկստանի, մեկը Իսրայելի, և հինգը Վրաստանի:
«Ոչ ոք չի կարող խաղալ մեր երկրի հեղինակության հետ, մանավանդ՝ կեղծ դիպլոմներ տրամադրելով արտասահմանի քաղաքացիներին»,- ասել է Մկրտչյանը:
Նա նշել է, որ ստուգումներ իրականացնելուց և գործի վերաբերյալ վերջնական նյութեր ներկայացնելուց հետո կիրականացվի այդ բուհերի լիցենզիաների շատ խիստ վերանայում:
« Ոչ ոք իրավունք չունի հարցականի տակ դնել հայաստանյան կրթության որակը, մանավանդ՝ ելնելով մասնավոր շահերից: Եթե նրանք քիչ ուսանող ունեն և չեն կարողանում աշխատել, ուրեմն թող փորձեն մեծացնել սեփական պոտենցյալը, կամ միավորվեն այլ բուհերի հետ»,- ասել է Մկրտչյանը:
Միևնույն ժամանակ նախարարն ընդգծել է, որ գերատեսչությունը ԱԳՆ-ից հարցում է արել կոնկրետ անուն- ազգանուններ և բուհերի անվանումներ, և անկախ այն բանից՝ պետական են դրանք, թե մասնավոր, պատասխանատու անձինք կենթարկվեն խիստ պատասխանատվության:
« Եթե ապացուցվի, որ ռեկտորն անձամբ է դիպլոմներ վաճառում, ապա տվյալ բուհի լիցենզիան հետ կկանչվի, իսկ պետական բուհերի պարագայում մեղավորները կազատվեն աշխատանքից»,- ասել է նախարարը:
Նա նաև ընդգծել է, որ չի կարծում, թե նման փաստերը համատարած են, և կարծիք է հայտնել, որ ստուգումների արդյունքում հնարավոր կլինի կանխել դրանք: