Բավ է պառակտվել
27-02-2014 14:43

«Հայկական կայքերի վրա ադրբեջանցիների հարձակումները կշարունակվեն մինչ փետրվարի 28-ը».մասնագետ

Այսօր կայացած մամուլի ասուլիս ընթացքում տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը նշեց, որ հայկական կայքերի վրա ադրբեջանցիների կողմից երեկվա հարձակումը պլանային երկրորդ հարձակումն էր: «Ամեն տարի ադրբեջանցիներն այդ օրը հարձակվում են և փորձում ամենամեծ գրոհն իրականացնել: Բայց այս հարձակումը յուրահատուկ էր նրանով, որ նրանց հաջողվել է չկոտրելով՝ մի քանի կայքերի շարքից հանել, ինչի հետևանքով դրանք ուղղորդվել են ուրիշ կողմ»,-ասաց մասնագետն ու զգուշացրեց, որ այդ հարձակումները, հնարավոր է, շարունակվեն մինչև փետրվարի 28-ը: Հիշեցնենք, որ երեկ ադրբեջանական հաքերները խոշորամասշտաբ հարձակում էին իրականացրել մոտ 300 հայկական կայքերի վրա։
«Այս գիշեր էլ մի քանի կայք կոտրել են, և օգտատերը փոխանակ ընկներ այդ կայքի վրա, հայտնվում էր Բաքվի մի կայքում, որտեղ Խոջալուի մասին քարոզչություն էր»,-ասաց բանախոսն ու ավելացրեց. «Կայքերի մեջ կային մի շարք կայքեր, որոնք ուղղորդված աշխատում էին հակահայկական քարոզի դեմ և Խոջալուի մասին նյութեր են հրապարակում: Եվ փաստացի, կես օր հայկական այդ կայքերը չկարողացան աշխատել»,-տեղեկացրեց Սամվել Մարտիրոսյանը:
Նա նաև նշեց, որ ADC և «Ամնիկ» ընկերությունների դոմեյններում գրանցված կայքերն են ենթարկվել հարձակման: «Փաստ է, որ ադրբեջանցիները բավականին հաջողված գործ են արել, և մենք ունենք խնդիր, որը ազգային մակարդակի խնդիր է: Այդպիսով նրանք նաև .am տիրույթի անվան հետ են խաղում և վտանգի տակ դնում կայքերի անվտանգությունը»,-ասաց նա՝ հավելելով, որ հասարակությունը բավականին քնած է ընկալում այդ խնդիրը, բայց դա նաև սպառողների խնդիրն է: