Բավ է պառակտվել
21-03-2016 14:30

Forbes-ի միլիարդատերերի ցուցակում 2016 թ.ամենահարուստ հայը Սամվել Կարապետյանն է

Ըստ Forbes-ի տվյալների, 2016 թվականին աշխարհի միլիարդատերերի ցանկում ամենահարուստ հայ գործարարը «Տաշիր գրուպ» հոլդինիգի ղեկավար Սամվել Կարապետյանն է, որի կարողությունը գնահատվում է 3,1 մլրդ դոլար (վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 549-րդ տեղը): «Տաշիր գրուպ» հոլդինգն իր մեջ ներառում է 33 առևտրային կենտրոն, 4 գրասենյակային համալիր և 8 հյուրանոց Ռուսաստանի տարածքում: 2015-ին հոլդինգը միայն տարածքների վարձակալությունից 610 մլն դոլար է ստացել: Ֆինանսական ճգնաժամի ժամանակահատվածում Սամվել Կարապետյանը շարունակում է անշարժ գույք գնել: Այժմ նա կենտրոնացել է Մոսկվայի վրա, որտեղ նախատեսում է 800 մլն դոլար ներդնել մոտ 140 մլն քառակուսի ֆուտ բնակելի, առևտրային և գրասենյակային տարածքների համար: 2015-ին «Տաշիրը» «Ինտեր ՌԱՕ»-ից ձեռք է բերել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը: Էդուարդո Էռնեկյանի կարողությունը 2,2 մլրդ դոլար է (810-րդ հորիզոնական): Այժմ Էռնեկյանը եւ գործընկերներն ավելի քան 50 օդանավակայաններ ունեն տարբեր երկրներում, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է մոտ 2 մլրդ դոլար: Նրա Corporacion America հոլդինգը ներառում է մոտ 105 հազար հեկտար գյուղատնտեսական տարածք, ինչպես նաև չիպերի արտադրության Unitec Blue ընկերությունը, բիավառելիքի գործարանը, գինու գործարար Հայաստանում: Էռնեկյանը Արգենտինայի նավթագազային ոլորտում ներդրումներ է կատարում: Էռնեկյանն ամուսնացած չէ և երեխաներ չունի: Նրա հետ աշխատում են Մարտին եւ Հուգո Էռնեկյանները, որոնք իր հանգուցյալ եղբոր զավակներն են: Դանիիլ Խաչատուրովի կարողությունը 1,46 մլրդ դոլար է (1275-րդ հորիզոնական): Նրա «Ռոսգոսստրախ» ընկերությունը խոշորագույն ապահովագրական ընկերությունն է Ռուսաստանում, որի շրջանառությունը 2,4 մլրդ դոլար է, թեև 2015-ին Ռուսաստանի ԿԲ-ն 15 օրով հետ էր կանչել ընկերության լիցենզիան՝ հաճախորդներից 2,3 հազար բողոքների հիման վրա: