Բավ է պառակտվել
02-08-2016 16:24

«Սաս Գրուպ»-ի աղցաններում վտանգավոր մանրէներ են հայտնաբերվել

«Սաս Գրուպ» ՍՊԸ–ում անցկացված ստուգումների արդյունքում մի շարք աղցաններ և արտադրատեսակներ ճանաչվել են վտանգավոր, հայտնում է Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը ստուգումներ է իրականացրել «Սաս Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետի արտադրամասում և իրացման ցանցում:

Լաբորատոր փորձաքննության են ենթարկվել «Մայրաքաղաքային» աղցանը, «Սմբուկով» աղցանը, «Բրնձով-կրաբով» աղցանը, «Հավով-ընկույզով» աղցանը, «Ծովախեցգետնով» աղցանը, որոնում հայտնաբերվել են ՄԱՖԱՄ, ԱՑԽՄ, E. coli, պրոտեուս դասի մանրէներ, խմորասնկեր, բորբոսասնկեր։ Իսկ 20.07.2016թ. արտադրության չանախ «Կալինինո» պանրում հայտնաբերվել է ոսկեգույն ստաֆիլակոկ և ԱՑԽՄ ցուցանիշների անթույլատրելի քանակի պարունակություն։ Նշված արտադրատեսակները չեն համապատասխանել Մաքսային Միության ՏԿ 021/2011-ով, 033/2013-ով և 034/2013-ով սահմանված պահանջներին, ինչով պայմանավորված էլ այդ արտադրատեսակները ճանաչվել են վտանգավոր:

Ծառայության կողմից արգելվել է վտանգավոր ճանաչված խմբաքանակների վաճառքն իրացման ցանցում:

Տնտեսավարողին հանձնարարվել է նշված սննդամթերքը ոչնչացնել կամ օգտահանել սահմանված կարգով և ժամկետներում, իսկ «Սաս Գրուպ» ՍՊԸ-ի կողմից արտադրվող «Կեսար», «Մայրաքաղաքային», «Սմբուկով», «Բրնձով-կրաբով», «Հավով-ընկույզով» և «Ծովախեցգետնով» աղցանների արտադրությունը կասեցվել է մինչև հայտնաբերված խախտումների վերացումը:

«Տնտեսավարողին հանձնարարվել է կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական, պահեստային սարքավորումները և տարածքները, վերը նշված սննդամթերքի արտադրությունը համապատասխանեցնել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին, թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության՝ անհամապատասխանության ցուցանիշներով»,– ասվում է ծառայության հաղորդման մեջ։

Խախտումների վերացման ժամկետ է սահմանվել մինչև 2016 թվականի օգոստոսի 15-ը: