Բավ է պառակտվել
24-01-2014 13:35

Հակառակորդը համոզվեց, որ սահմանին կանգնած է Հ՛այ զինվոր

 Հունվարի 19-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգության հետևաքով հերոսաբար զոհվեց կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը: Թշնամին բազմիցս է ապացուցել, որ հրադադարի ռեժիմի, անգամ բազմաթիվ խախտումների դեպքում, ինքն ավելի շատ կորուստներ է ունենալու: Սակայն այդ դիվերսիոն հարձակումից հետո քննարկումներն ու մեկնաբանությունները չեն դադարում: Մամուլի ասուլիսներով հանդես եկավ նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, նախկին ազատամարտիկները, քաղաքական գործիչները և այլոք:

Այսօր մեկ անգամ ևս լրագրողների հետ հանդիպում ունեցավ ՀՀ պաշտպանության նախարարը: Նա նշեց, որ  հակառակորդը կրկին համոզվեց, որ սահմանի վրա կանգնածը հայ զինվորն է: Այո՛, նա անպարտելի է իր հողի վրա:

Նախարարն իր խոսքը սկսեց շնորհակալությամբ. «Անչափ ծանր է ցանկացած զինվորի կորուստը, բայց հենց այս պահին էլ կարող եմ ասել, որ հպարտանում եմ բոլորի ծնողներով, և հպարտ կարող եմ ասել, որ մեր զինվորների մարտական ոգին անպարտելի է, և մենք գլուխ ենք խոնարհում բոլոր զինվորների առջև»:

Սեյրան Օհանյանը նշելով, որ այսօր քսանամյա երիտասարդը պաշտպանում է մեր հողը, մեր հայրենիքը, իր նախնիների պատիվը, խոստացավ որ բանակը նաև զտիչ դեր է ունենալու քաղաքացիական հասարակությունից ստանալու ավելի լավ զինվորներ և վերադարձնելու հասարակություն: 

Ըստ նախարարի  2013թ.-ին կրկին ուշադրություն է դարձվել Զինված ուժերի համալրման վրա: Այդ գործընթացի մաս զորակոչի իրականացման համար մշակվեց մեխանիզմ, որով բացառվեց միջնորդությունը, տարբեր ուղիներով օրենքը շրջանցելու փորձը:

«Մենք լուրջ ուշադրություն ենք դարձրել նաև զորքերի պատրաստվածությանը: Նոր մարտավարական հնարավորությունների ունակություններով առանձնանում են պաշտպանության նախարարության զորավարժությունները»,-ասաց նա: