Բավ է պառակտվել
20-02-2014 12:49

Իգիթյանը ցանկանում է Հայաստանի սահմանին ռուսական զորքեր տեսնել

ՀՀՇ վերածնման նախաձեռնող խմբի անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը ցանկանում է, որպեսզի Հայաստանի հյուսիսային սահմանները հսկեն ռուսական զորքերը: Նա այս գաղափարն առաջարկի ձևով ներկայացրեց Ազգային ժողովի իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանին:

Իգիթյանը նշեց, որ հիմա հայ-ադրբեջանական սահմաններին կրակում են, իրավիճակը բավականին լարված է:

՛՛Առաջարկեք` որպես պատգամավոր եւ որպես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, որպեսզի օրինակ հյուսիսային սահմանները հսկեն ռուսական զորքերը՛՛,- ասաց Հովհաննես Իգիթյանը` բացատրելով, որ եթե Հայաստանի դաշնակից Ռուսաստանը Ադրբեջանին զենք է վաճառում, ապա թող իրենց զինվորները պաշտպանեն հայկական սահմանները:

Ի պատասխան Իգիթյանի առաջարկին Զաքարյանը նշեց. ՛՛Հենց այնպես առաջարկ եք անում, ես չեմ ընդունում դա, անտրամաբանական է: Լեռնային Ղարաբաղի սահմանները լավագույնս պահպանում են հենց մեր զինվորները՛՛:

«Չգիտեմ, մի բան առաջարկեք: Իսկ ինչ անվտանգությանն է վերաբերվում, ապա ինչո՞ւ ադրբեջանական դիվերսիոն խմբերը մտան Արցախ»,- հակադարձեց Իգիթյանը:

Արտակ Զաքարյանը պատասխանեց հետեւյալը. «Հիմա ի՞նչ, էնքան որ մի բան առաջարկե՞նք, կապ չունի՞ սխալ, թե՞ ճիշտ: Ձեր այս առաջարկը ընդունել չեն կարող: Մենք կարողանում ենք ինքներս մեզ պաշտպանել»: