Բավ է պառակտվել
20-11-2014 07:55

ԵԽԽՎ-ն «Սաֆարովի գործով» Ադրբեջանին դատապարտող բանաձև է ընդունել

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշտական հանձնաժողովը դատապարտել է Ադրբեջանի կողմից Ռամիլ Սաֆարովի արդարացումը: Այդ մասին ասված է ԵԽԽՎ մշտական հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ: 
Հիշեցնենք, որ 2004 թվականին Սաֆարովը Բուդապեշտում կացնահարել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին։ Ռամիլ Սաֆարովը 2007 թվականին դատապարտվել էր ցմահ ազատազրկման՝ առանց 30 տարի ազատ արձակման հնարավորության։ Հունգարիայում 8 տարի ազատազրկման մեջ մնալուց հետո նա արտահանձնվել է Ադրբեջան՝ Դատապարտված անձանց արտահանձնման մասին կոնվենցիայի հիման վրա, որը թույլ է տալիս օտարերկրացի բանտարկյալների արտահանձնումը հայրենիք՝ հիմնականում մարդասիրական պատճառներից ելնելով: 
Ադրբեջան վերադառնալուն պես Սաֆարովին դիմավորել էին որպես ազգային հերոս և անմիջապես ներում շնորհել:  
Բրյուսելում հանդիպման ժամանակ ընդունված բանաձևում, որը կազմվել է անգլիացի պատգամավոր Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա, ասվում է, որ Դատապարտված անձանց արտահանձնման մասին կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը Ռամիլ Սաֆարովի դեպքում «միջազգային հարաբերություններում բարեխղճության և օրենքի գերակայության սկզբունքների խախտում է»: 
«Դատապարտված անձանց արտահանձնման» մասին կոնվենցիան, ըստ ԵԽԽՎ բանաձևի, չի նախատեսում հայրենիք վերադարձից անմիջապես հետո դատապարտյալի ազատ արձակում։
«Կոնվենցիան նախատեսված չէ հայրենիք վերադարձից հետո բանտարկյալների անմիջապես ազատ արձակման համար»,- նշել են խորհրդարանականները: 
Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ԵԽԽՎ-ն հիշեցնում է, որ միջազգային հարաբերություններում բարեխղճության և օրենքի գերակայության սկզբունքները պահանջում են, որ պայմանագրերը մեկնաբանվեն՝ համապատասխան իրենց նպատակների և խնդիրների: