Բավ է պառակտվել
26-01-2015 09:48

Այսօր սկսվում է Առաջավորաց պահքը

Այսօրվանից սկսվում է տարվա առաջին պահքը՝ Առաջավորաց պահքը, որը ժամանակային առումով հիմնականում նախորդում է Սուրբ Սարգսի տոնին: Այն տևում է հինգ օր` այս տարի մինչև հունվարի 30-ը ներառյալ:Պահքը կոչվում է Առաջավորաց, քանի որ Հայ Եկեղեցու առաջին պահքն է՝ որ նախորդում է Մեծ պահքին, լինելով վերջինիս նախակարապետը: Պահեցողության այս շրջանը, ըստ Հայ եկեղեցու տոնացույցի, սկսվում է Սբ. Սարգսի տոնից 5 օր առաջ, որի պատճառով երբեմն թյուրիմացաբար կոչվում է նաեւ Սբ. Սարգսի պահք: Առաջավորաց պահքը հաստատել է Սբ. Գրիգոր Լուսավորիչ հայրապետը: Ըստ ավանդության, Սուրբ Գրիգորը, ազատվելով Խոր Վիրապի տանջանքներից, պատվիրում է Տրդատ արքային ու ողջ ժողովրդին 5 օր պահք պահել ու ապաշխարել: Այնուհետեւ նա 60 օր շարունակ Տիրոջ Ս. Ավետարանն է քարոզում ամենքին և մկրտում: Եւ երբ Սբ. Գրիգոր Լուսավորիչը դառնում է Հայոց Կաթողիկոս, ի հիշատակ արքունիքի և ժողովրդի հնգօրյա պահեցողության, սահմանում է Առաջավորաց պահքը: Թե ինչու՞ է Առաջավորաց պահքը սահմանված 5-օր, եկեղեցու հայրերը տալիս են մի քանի մեկնություններ: Նախ, որ այդպես է սահմանել Սբ. Գրիգոր Լուսավորիչը: Երկրորդ՝ քանի որ մարդ 5 զգայարաններ ունի, որոնցով մեղանչում է, ուստի այս պահեցողության շրջանը հնարավորություն է տալիս մարդուն զղջալու, ապաշխարելու եւ Աստծուն մոտենալու: Եկեղեցական մեկ այլ ավանդությամբ, երբ Ադամը վտարվել է դրախտից, նա նույնպես 5 օր շարունակ ոչինչ չի կերել: 5-օրյա շրջանը խորհրդանշում է նաև Աստծո արարչագործության առաջին 5 օրերը, որ յուրօրինակ պահքի օրեր էին, երբ ոչ ոք ոչինչ չէր ճաշակում: Սբ. Գրային ավանդության համաձայն, այս նույն պահքն են պահել նաև Սեթ, Ենովք, Աբրահամ, Հակոբ ու Հովսեփ նահապետները: Առաջավորաց պահքը, ինչպես և մյուս բոլոր պահոց օրերը, քրիստոնյային առիթ են ընծայում ներհայեցողության, աղոթքով և պահեցողությամբ հոգու ու մարմնի բյուրեղացման ու մաքրագործման: