Բավ է պառակտվել
30-06-2015 10:28

«Մենք փոքր ազգ ենք, ամեն մի ժայթքում կարող է ճակատագրական լինել».ոստիկանապետ

Այսօր Բաղրամյան պողոտայում հավաքված երիտասարդներին դիմելով Հայաստանի ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանն ասաց. «Մենք փոքր ազգ ենք, մի բուռ ենք: Ամեն մի ժայթքում կարող է ճակատագրական լինել»: Նա նշեց, որ ոստիկանները մաքսիմում հանդուրժող են. «Գտնում եմ, որ երիտասարդները ինչ որ տեղ մի քիչ խելառ պետք է լինեն, գժուկ, բայց գործողությունները պետք է լինեն տրամաբանական, հարգանքի մեջ, ոչ թե զոռբանությամբ»: Երիտասարդ մի աղջիկ նշեց. «Մեր այստեղ մնալը նախագահի հայտարարությունից հետո արդեն սխալ է, իսկ մինչ այդ արդարացված էր»: Ոստիկանապետը նրան «պստիկ հեղափոխական, Այծեմնիկ» անվանեց: Վ. Գասպարյանի կարծիքով, երիտասարդներն իր խոսքում առկա մեսիջները հասկացան, կփոխանցեն մյուս ընկերներին. «Մեր երկրին հարիր չեն խժդժությունները, իմաստուն ժողովուրդ ենք, խաղաղությամբ հասնենք հաջողությամբ: Եթե մենք մեզ չբժշկենք, ուրիշները մեզ կբժշկեն այնպես, ինչպես իրենք են ուզում»,- ասաց ոստիկանապետը:  «Մեր սերնդի ծերուկ ավազակները ստեղ չեն չէ՞, գալիս խառնում են ջահելներին՝ թողնում թռնում են: Կռված տղերք են: Կռված տղերքը կռվարարություն չեն սովորեցնում, կռիվ տեսած տղերքը խաղաղություն են սովորեցնում»,-ասաց նա: